Մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ անցկացված մարզական միջոցառումները եզրափակվել են Երևանի շախմատի դպրոցների սաների առաջնությամբ:
Շախմատի 100 սեղանների շուրջ ավելի քան 200 պատանի պայքարել է հաղթանակի համար: Յուրաքանչյուր դպրոցից առաջնությանը մասնակցել են լավագույն 16 սաները՝ մինչև 8 և մինչև 10 տարեկանների խմբերով: Իմաստուն խաղի պատանի ներկայացուցիչները 5 խաղափուլ անցկացրել են խաղալով արագ շախմատ:
Ընդհանուր միավորներով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիայի, 2-րդ տեղը` Նոր Նորքի, իսկ 3-րդ պատվավոր տեղը հավասար միավորներով կիսել են Ավան և Աջափնյակ վարչական շրջանների շախմատի դպրոցների թիմերը: Հաղթողները պարգևատրվել են գավաթներով:
Առաջնությանը մասնակից ու գավաթների արժանացած երեխաները նկատել են, որ մեծ ոգևորությամբ էին պատրաստվել սիրելի մայրաքաղաքի տոնին նվիրված խաղին և իրենց հաղթանակը նվիրել են սիրո քաղաք Երևանին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն