«Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած պաշտոնական պատվիրակությունների անդամները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով հյուրընկալվել են քաղաքապետարանի ճեմասրահում:
Երևան այցելած գործընկերներին և պաշտոնական պատվիրակությունների անդամներին ուղղված ողջույնի խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և մայրաքաղաքի ծննդյան օրվա տոնական տրամադրությունը երևանցիների հետ միասին կիսելու համար, և նկատել, որ այս քայլն, անշուշտ, Երևանի հանդեպ ունեցած հարգանքի և վստահության անչափ կարևոր դրսևորում է, ինչը, քաղաքապետի հավաստմամբ, փոխադարձ է:
«Այս օրերին ձեզ հետ ունեցած հանդիպումների ժամանակ ինձ համար անկեղծորեն հաճելի էր լսել Երևանի դինամիկ զարգացման մասին ձե՛ր գնահատականները: Այո՛, 2799-ամյա Երևանն այսօր համաչափ զարգացող քաղաք է, ինչը նաև բազմաշերտ և բազմակողմանի այն համագործակցության արդյունքն է, որ Երևանն այսօր ունի աշխարհի ավելի քան 50 քաղաքների և միջազգային 10 կազմակերպությունների հետ: Եվ, որ ամենակարևորն է, բարեկամական և գործընկերային այդ փոխգործակցության շրջանակում նաև ընդլայնման միտումներ են դրսևորվում, որոնք ծառայեցվում են ի շահ մեր քաղաքների և նրանց բնակիչների բարօրության: Արագ զարգացող աշխարհն, անշուշտ, նոր մարտահրավերներ է առաջադրում քաղաքային տնտեսության կառավարման ասպարեզում:
Նաև այս համատեքստում է, որ այսօր ավելի քան երբևէ կարևորվում է քաղաքների միջև համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը: Մենք միշտ ենք հայտարարել, որ Երևանը բաց և պատրաստակամ է համագործակցության համար, ու ես վստա՛հ եմ, որ արդյունավետ համագործակցելով, անհրաժեշտության դեպքում նաև միմյանց սատարելով, մեկս մյուսին փոխադարձաբար օգնելով, մենք կարո՛ղ ենք և անպայմա՛ն կհաղթահարենք բազում խոչընդոտներ», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու առիթն օգտագործելով Երևանում հյուրընկալված պատվիրակությունների անդամներին հրավիրել է հաջորդ տարի կրկին այցելել Երևան ու մասնակիցը դառնալ 2800-ամյա հնամենի, բայց միշտ երիտասարդ Երևանի հոբելյանական տարեդարձի տոնական միջոցառումներին:
Տոնական հյուրընկալության պաշտոնական մասին հաջորդել է Երևան ժամանած պատվիրակությունների անդամների հետ շփումը, որի շրջանակում ներկաները, ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Երևանի օրվա առթիվ իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են փոխանցել քաղաքամայր Երևանին և երևանցիներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն