Հոկտեմբերի 13-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մարզասրահում կայացավ հոկտեմբերի 9-ին մեկնարկած ՀՀ 18-րդ ուսանողական մարզական խաղերի ծրագրով աղջիկների ֆուտզալի մրցաշարի եզրափակիչ փուլը: Հաղթողի գավաթի համար մրցում էին Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) և Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի (ՎՊՀ) աղջիկների թիմերը:
Թեժ պայքարից հետո 2-1 հաշվով հաղթող ճանաչվեց ՎՊՀ-ի թիմը, իսկ ՀՊՄՀ-ն համապատասխանաբար զբաղեցրեց երկրորդ տեղը, բրոնզե մեդալները բաժին հասան Սլավոնական համալսարանի աղջիկներին։ Առաջնությանը մասնակցում էին 5 բուհերի թիմեր՝ ՎՊՀ, ՀԱԱՀ, ՀՌՀ, ՀԱՊՀ և ՀՊՄՀ (յուրաքանչյուրում 13-15 մասնակից): Խաղի ավարտից հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողություն. երրորդ և երկրորդ տեղը զբաղեցրած թիմերը ստացան պատվոգիր և մեդալներ, իսկ առաջինը` նաև գավաթ:
Նշենք, որ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան մրցաշարի կազմակերպման համար սերտորեն համագործակցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, ինչի արդյունքում վերջինիս կողմից մրցաշարի մասնակից թիմերին տրամադրվեցին գնդակներ։ Խաղերի նպատակն է նպաստել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում համալսարանական սպորտի զարգացմանը և ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի քարոզմանը։ Տեղեկացնենք` ՀՀ 18-րդ ուսանողական մարզական խաղերն իրականացվում են ՀՀ ԿԳՆ-ի և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցության արդյունքում:
Խաղերի գլխավոր քարտուղար՝ Հովհաննես Գաբրիելյան