Հոկտեմբերի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կամերային երաժշտության երեկո էր. բեմում էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի պղնձափողային անսամբլը։
Համերգը յուրահատուկ էր, քանի որ պղնձափողային անսամբլների ելույթներ ոչ հաճախ են տեղի ունենում։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գալարափողահար Գարեգին Ղազարյանը նշեց, որ իրենք ստեղծել են փողային երաժշտական գործիքների ոչ սովորական համադրություն և փորձում են երաժշտությունը ներկայացնել այս ձևաչափով։ Ըստ Գարեգին Ղազարյանի՝ պղնձափողային նվագարաններից կազմված անսամբլների համար գրված ստեղծագործություններն այնքան էլ շատ չեն, և իրենք համերգին ներկայացրել են ինչպես հատուկ այդ կազմի համար գրված գործեր, այնպես էլ փոխադրումներ։
Համերգային երեկոյի ընթացքում հնչել են Դմիտրի Շոստակովիչի, Յան Սիբելիուսի, Ռիխարդ Վագների, Մարտին Ուլիխանյանի, Թեդ Ջոնսի ստեղծագործություններից։ Ներկայացվել են նաև արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ պղնձափողային կվինտետի համար։
Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին նվիրված Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնն առաջիկա երկու ամիսներին ունկնդրին կներկայացնի սիմֆոնիկ և կամերային համերգներ։
Ի դեպ, Խաչատրյանի միջազգային փառատոնի կազմակերպիչները հնարավորություն են ընձեռում համերգներին ներկա գտնվելու նաև երաժշտական դպրոցների, ռազմական կրթօջախների սաներին` տրամադրելով հրավիրատոմսեր։ Պղնձափողային անսամբլի համերգը կամերային երաժշտության տանն ունկնդրում էին նաև ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները։
Խաչատրյանական փառատոնի երեկոներին կարելի է ուղիղ հեռարձակմամբ հետևել https://www.khachaturianfestival.com/ կայքի միջոցով։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։
Խաչատրյանի միջազգային փառատոնի մամուլի հաղորդագրություն