Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաբարձր ցուցանիշներ` Լոռու համայնքները, ամենացածր` Արագածոտնի եւ Արմավիրի մարզերը. զեկույց

Հոկտեմբեր 14,2017 14:28

2017 թ. հոկտեմբերի 10-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը քննարկման ներկայացրեց Հայաստանի համայնքապետարանների աշխատանքի թափանցիկության մշտադիտարկման 2017թ. տարեկան զեկույցը: Մոնիտորինգն անցկացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության  ֆինանսավորմամբ իրականացվող  «Հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում: 2017 թթ. ընթացքում տեղեկությունների հարցումների եւ դրանց պատասխանների միջոցով դիտարկվել է Հայաստանի բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մեջ ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքներով նախատեսված թափանցիկության, հաշվետվողականության եւ հանրային մասնակցության գործիքների առկայության եւ գործածության մակարդակը:

Ուսումնասիրության համաձայն, հարցումներին ամենաակտիվ արձագանքած համայնքապետարանների խումբը Լոռու մարզի համայնքապետարաններն են. 107 համայնքապետերից 68-ը (63,6%) պատասխանել են տեղեկության հարցումներին: Այս մասով Լոռու մարզին բարեխղճությամբ հաջորդում է Շիրակի մարզը (43,0%), ապա Վայոց Ձորի մարզը (37,9%): Տեղեկության հարցումներին ամենապասիվն են արձագանքել Արագածոտնի մարզի համայնքապետարանները` ընդամենը 10-ը 114-ից (8,8%), ապա Արմավիրի մարզի համայնքապետարաններն են` 97-ից միայն 14-ն (14,4%) են պատասխանել հարցումներին: ՀՀ ընդհանուր հաշվով, ներառյալ Երեւանը, հարցումներին լիարժեք պատասխան տվել են համայնքների 17,5%-ը եւ թերի պատասխան՝ 9,6 %-ը: Հարցումներին չեն պատասխանել Հայաստանի 793 համայնքներից 578-ը, կամ՝ 72,9 %-ը:

2016 թվականին իրականացված համանման մշտադիտարկման արդյունքում հարցումներին լիարժեք պատասխան տվել էին համայնքների 26,8%-ը եւ թերի պատասխան՝ 9,3 %-ը: Հարցումներին չէին պատասխանել Հայաստանի 896 համայնքներից 569-ը, կամ՝ 63,5 %-ը:

Ուսումնասիրության համաձայն, ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով հանրությանը տեղեկություններ հաղորդելու պրոակտիվ պարտականությունը կատարում են համայնքապետերից 76-ը (9,58%), 63-ը այս պահանջները կատարում են մասնակիորեն (7,94%): 5 համայնքապետ պատասխանել է, որ չի կատարում այդ պահանջը (0,63%), հարցմանը պատասխանած մյուս 71 համայնքապետերը տեղեկություն չեն տրամադրել այս հարցի մասին (8,95%):

2016 թվականին իրականացված համանման մշտադիտարկման արդյունքների համաձայն, ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով հանրությանը տեղեկություններ հաղորդելու պրոակտիվ պարտականությունը կատարում էին համայնքապետերից 74-ը (8,26%), 74-ը (8,26%), այս պահանջները կատարում էին մասնակիորեն: 168 համայնքապետ պատասխանել էր, որ չի կատարում այդ պահանջը (18,08%), մյուս համայնքապետերը չէին պատասխանել հարցմանը:

Ըստ համայնքապետերի պատասխանների, 2016 թվականի ընթացքում հանրային լսումներ անցկացվել են հարցումներին պատասխանած 215 համայնքներից 114-ում (բոլոր համայնքների 14,4%): Հարցումներին պատասխանած համայնքապետերից 90-ը հանրային լսումների մասին որեւէ տեղեկություն չի տրամադրել (11,34%)

Ավանագու նստավայր առկա է հարցումներին պատասխանած 215 համայնքներից միայն 118-ում (բոլոր համայնքների 54,88%), ավագանու նիստերին քաղաքացիների մասնակցության համար նստատեղերով ապահովված է նույնպես 118 համայնք: Հանրության համար իրազեկման ցուցանակներ առկա են միայն 134 համայնքում (16,89%):

Տեղեկատվության հարցումներին պատասխանելու, հարցված տեղեկությունները տրամադրելու, հանրային նշանակության տեղեկությունները հրապարակելու տեսանկյունից, ինչպես նաեւ հանրային մասնակցության գործիքների կիրառման տեսանկյունից՝ հավաքականությամբ մյուսներին, արդեն երկրորդ տարին է, ակնհայտորեն գերազանցում են Լոռու մարզի համայնքները, իսկ ամենացածր կատարողական ցուցանիշներն ունեն Արագածոտնի եւ Արմավիրի մարզերը: Տարբեր բաղադրիչներով այս մարզերի համայնքների հավաքականությունը Լոռու մարզին զիջում է 5-6 անգամ:

Մանրամասները ներկայացվում են տարեկան զեկույցում, որը առցանց կարող եք գտնել այստեղ:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031