Հոկտեմբերի 13-ին` ժամը 21.30-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասում մի խումբ անձինք դիտավորությամբ հրկիզել են «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատողների տնակը: Այդ ընկերությունն ազգային պարկում հսկողություն է իրականացնում:
Իրավապահներից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերով վնաս է պատճառել,ինչը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով»): Սույն հոդվածը նախատեսում է առավելագույնը 4 տարի ժամկետով ազատազրկում:
Քրեական գործով առայժմ մեղադրյալներ կամ կասկածյալներ չկան: Քրեական գործի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժինը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ