ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին 50 տարում աղետների քանակը մոլորակի վրա աճել է 3 անգամ. ընդ որում, ընդլայնվում է դրանց աշխարհագրությունը, իսկ պատճառը՝ մարդու գործունեությունն է: Այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց բնապահպան, ՄԱԿ-ի ազգային փորձագետ Կարինե Դանիելյանը: «Վերջին քսան տարում մեկ միլիոն 350 հազար մարդ մահացել է աղետների պատճառով: Մոլորակը՝ տիեզերքի հետ միասին, մարդկանց դեմ պայքարի է դուրս եկել: Ֆրանցիսկոս պապն է ասել՝ «մարդը չպետք է դուրս գա բնաշխարհի դեմ», որովհետեւ պատասխանը շատ հզոր կլինի, ու մարդը չի կարողանա այլեւս գոյատեւել»,-նկատեց նա:
Կարինե Դանիելյանի խոսքով՝ մնացել է 20 տարի, որպեսզի մարդկությունը փոխի իրավիճակը, այլապես մոլորակի խիստ պատասխանները կճաշակենք. «Բնապահպան ազգերը կմնան մոլորակի վրա, իսկ բարբարոսները՝ կոչնչանան»:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա բնապահպանի խոսքով՝ մեր երկրի խոցելիությունը կլիմայի փոփոխությունների հանդեպ բավականին բարձր է: «110 տեսակի աղետներ կան Հայաստանում…Կառավարությունը երեկ հաստատել է աղետների ռիսկերի նվազեցման ռազմավարությունը, որը դրական եմ գնահատում, բոլոր խնդիրները ներկայացված են: Սակայն անկախության տարիներին Հայաստանը ոչ թե նվազեցրել է աղետների ռիսկերը, այլ ավելացրել՝ հատկապես երկու ոլորտում՝ հանքարդյունաբերություն եւ քաղաքաշինություն: Այսպես դնել ու քանդել ՀՀ ընդերքը՝ առանց նայելու` որտեղ է, ինչ է…կապ չունի՝ միայն թե քանդենք»:
Մյուս կարեւոր խնդիրը, բնապահպանի բնորոշմամբ, 21 թունավոր պոչամբարներն են, որոնք կենդանի ռումբեր են: Տիկին Դանիելյանը նշեց՝ կարեւոր է նաեւ սելավների դեմ պայքարը, որի ուղղությամբ փորձնական ծրագիր է իրականացվել, բայց իշխանությունների արձագանքն ուշանում է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ