«Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսով «Էրեբունի-Երևան-2799» տոնական միջոցառումների մեկնարկը, ավանդույթի համաձայն, տրվել է վաղ առավոտից` ջրցան մեքենաների տոնական շքերթով:
Տոնական շնչով ձևավորված ջրցան մեքենաների երթը մեկնարկել է Ֆրանսիայի հրապարակից և, անցնելով Մաշտոցի պողատայով, հասել է մինչև Հանրապետության հրապարակ՝ ազդարարելով տոնական օրվա սկիզբը:
Երևանյան փողոցներին «ջրային թարմություն» հաղորդելու և տոնական օրվա գեղեցիկ մեկնարկը տալու գործին սիրով ներգրավվել էին Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության, օպերատիվ ծառայությունների և «Սանիթեք» ընկերության աշխատակիցներն ու շուրջ 70 միավոր հատուկ տեխնիկան: Տոնական երթի ողջ ընթացքն անցավ կանուխ արթնացող երևանցիների հիացական հայացքների և ոգևորող բացականչությունների ներքո։
Լույսդ բարի՛ Սիրո քաղաք Երևա՛ն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն