Հիմա, երբ արդեն սկսել եմ հստակ տեսնել մեր անհանգիստ ու շարունակ ծովագնաց հոգիների երթը, որոնք միշտ ձգտում են լինել առաջինը հավասարների մեջ, մոռանալով, սակայն, որ մարդկային ճակատագիրը հաճախ տնօրինում է պատահականությունը եւ ոչ թե օրինաչափությունը մեր ակնկալած, հասկացա նաեւ, որ մարդուն եւ ժողովուրդներին առաջնորդում են ոչ թե գիտելիքները միայն, այլ ցեղի ներսում հաստատված ավանդույթները չժանգոտվող:
Մտածեցի այսպես, ու թվում է, թե ավարտեցի, այնինչ մարդու էությունը շարունակ անհանգիստ է հոսող ջրերի նման, որոնք կարծես փնտրելով կարեւորը` շարունակ մոտենում են մահվան եւ խառնվելով անվախճան ծովին` կորցնում են իրենց անունները:
Երբ Եգիպտոսում Նապոլեոնը դիմելով իր զինվորներին ասում էր, թե` այս բուրգերից ձեզ են նայում քառասուն դարեր…
Անդարձության ավազների միջից աննկատ գլուխները դուրս հանեցին հին արքաները եւ նայելով եկողներին` լաց եղան ավազե արցունքներով, բայց նրանք լալիս էին ոչ թե իրենց անցած փառքի համար, այլ Նապոլեոն եկողի անցողիկ բախտի համար: Չէ՞ որ նրանից առաջ իրենք էին, իսկ իրենցից քառասունութ հազար տարի առաջ ուրիշներն էին, որոնց կյանքն ու փառքը ծածկեցին ավազները:
Եվ երբ տոթակեզ իրիկունների մեջ ժամանակների չքնաղ թագուհիները բարակ ու երկար մատները կարկառած աստվածներին` անձրեւ էին աղերսում իրենց ավազահալած երկրի համար` ուշադրություն չդարձնելով բուռնուսի մեջ փաթաթված նոր, անհայտ եկվորին, որը շատ ավելի ուշ տեր էր դառնալու արքաների հովիտին:
Այսպես մտածում էի` նայելով աշնան շքեղ տերեւաթափին, ու հասկացա, որ տխուր եմ, քանի որ ինչ-որ մի շատ կարեւոր բան իմ կյանքից այլեւս անվերադարձ անցնում էր, հեռանում ու խառնվում անդարձության ջրերին, ինձ թողնելով մենակ` իմ չապրած պահերի ու չգրած տողերիս դիմաց:
Եվ եկավ մի պահ, որ ես ուզեցի բռնել չապրած օրերիս հեռացող փեշը, վերադարձնել նրան, բայց նա շրջվեց թաց տերեւաթափի տակ.
– Դու մնա,- ասաց,- ու միշտ հիշիր ինձ, որ ուզեցիր ու չունեցար, դու մնա, շարունակիր ապրել, մինչեւ որ ինձ հետ հուշ կդառնաս անդարձության սահմանից այն կողմ:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ»
13.10.2017