ՀՀԿ-ականները կարծում են, որ աջ ղեկով մեքենաների շահագործման արգելքն անհրաժեշտություն է, Ավետիք Իշխանյանը կարծում է, որ պաշտոնյաներից մեկը ցեխ է դրել ու ուզում է «կլպել»:
Ազգային ժողովում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հաստատեց, որ կառավարությունը քննարկել է աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելու հարցը: Դեռ իրավական ակտ չկա, բայց նախարարն ասաց, որ հաշվի առնելով ոստիկանության կողմից ներկայացված վթարների քանակը, թե քանի տոկոս են կազմում աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարները, որոշման նախագիծ են ուզում պատրաստել, որը կքննարկվի նաեւ ԱԺ-ում: Նախարարն ասաց, որ եթե մարդիկ գնել են աջ ղեկով մեքենաներ, ժամանակ կտրամադրվի ղեկը ձախ կողմ տեղափոխելու համար:
Նախարարի այս խոսքը հասարակության շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք է տվել: Մենք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրինք՝ սա լրացուցիչ բեռ չի՞ ավելացնի քաղաքացու վրա՝ հատկապես սոցիալ-տնտեսական այս լարված պայմաններում: Նա պատասխանեց. «Սրա համար պետք է ժամանակ տրվի: Եթե սա միանգամից արագ ցանկանան կարգավորել, իրոք, բավականին լուրջ անդրադարձ կարող է լինել: Մարդիկ կան, որ նոր են գնել մեքենաները, նոր են տեղափոխել, եւ միանգամից նոր ծախսերը կարող են իրոք բեռ լինել: Ինձ թվում է, որ տրանսպորտի նախարարի հետ նաեւ մեր բանակցությունների արդյունքում դրան պետք է տրվի ժամանակ, որ այդ ժամանակի ընթացքում աստիճանաբար, դանդաղ այդ փոփոխությունը կատարվի: Համենայնդեպս, դրա անհրաժեշտությունը մենք տեսնում ենք, որովհետեւ վիճակագրությունը ցույց է տալիս, որ դա վթարների քանակի ավելացման է բերում»:
Մեր դիտարկմանը՝ մասնագետներն ասում են՝ եթե ղեկը տեղափոխվի, ավելի լուրջ վթարներ կարող են լինել, որովհետեւ մեքենայի աշխատանքը կխափանվի, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Համաձայն եմ, այդ իսկ պատճառով դեռ վերջնական չի, մասնագիտական կարծիքներ են պետք: Դրա համար շատ արագ չի կարելի դա անել»:
Մենք փոխանցեցինք «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի տեսակետը, որ ՀՀԿ-ականները երեւի նոր ցեխ են դրել ղեկը հակառակ կողմ տեղափոխելու եւ այսպիսի որոշում են կայացնում՝ սեփական բիզնեսի զարգացման համար, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Ես դրան հումորով եմ վերաբերվում: Չի կարող լինել պարզապես նման բան: Ուրիշ բիզնես չկար, պետք է գնայինք ղեկերի տեղափոխման բիզնե՞ս դնեինք, ծիծաղելի է պարզապես»:
Ըստ Վահրամ Բաղդասարյանի՝ այլ երկրներում շատ խիստ է դրված այս հարցը. «Կան երկրներ, որ մեքենան այդ երկրի տարածք մտնելուց հետո, եթե ղեկը հակառակ կողմից է, մաքսակետում կանգնեցնում են, եւ այլ մեքենայով մտնում են տվյալ երկիր: Իհարկե, մենք շատ արագ արձագանք չենք տա, որովհետեւ արագությունը կարող է վնասակար լինել: Բայց ժամանակի ընթացքում մենք պետք է այդ խնդիրը դնենք»:
Մեր դիտարկմանը, որ այդ դեպքում ի սկզբանե կարգավորեիք այդ հարցը, ոչ թե մեքենան ներկրվեր, այդ մեքենաներից մաքս ստանայիք, բոլոր վճարումները մարդիկ անեին, ու հանկարծ որոշեիք, որ այդ ղեկով մեքենան չպետք է շահագործվի, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Հիմա եթե ի սկզբանե բացթողում է եղել, մենք պետք է ուրեմն թողնե՞նք: Վնասների արդյունքները հանրությունը որ չզգա, մենք պետք է դանդաղ այդ փոփոխությունը կատարենք, բայց դա անհրաժեշտություն է»:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի համար զարմանալի է՝ ինչու են իշխանությունները դրա մասին հանկարծ հիմա հիշել. «Եթե Հայաստանն ընդունել էր աջակողմյան երթեւեկության կանոնները՝ ձախ ղեկով մեքենաներով, կարելի էր անել դա շատ վաղուց՝ 90-ականների սկզբին թող օրենք ընդունեին, որ արգելվում է աջ ղեկով մեքենաների մուտքը, կամ եթե ներմուծվում է, ժամանակ է տրվում 2 ամիս, որպեսզի նրանք փոխեն ղեկը, նոր շահագործեն: Քաղաքակիրթ երկրներում ամենակարեւոր հարցը օրենքների հասկանալիությունն է եւ խաղի կանոնները, որ մարդիկ իմանան խաղի կանոնները: Իսկ ինչու են ներմուծվում այդ մեքենաները, որովհետեւ բնական է, որ դրանք, ենթադրում եմ, ավելի էժան են, քան ձախ ղեկովները: Առանց նրանց զգուշացնելու այսպիսի որոշում են ուզում կայացնել, երբ մարդիկ արդեն ներկրել են: Հիմա հետին թվով արգելել այդ մեքենաների շահագործումը եւ ղեկը փոխելու պահանջ դնել՝ նշանակում է, որ ՀՀ-ում որեւէ խաղի կանոն, որեւէ օրենք չի գործում: Սա նշանակում է լրացուցիչ բեռ, էլ չեմ խոսում, թե ինչ ձեւի մաքսեր են վերցրել այդ մեքենաներից եւ հիմա էլ լրացուցիչ ֆինանսական բեռ են դնում այդ մարդկանց վրա: Ես կարծում եմ, որ սա բացարձակ անընդունելի է: Ճիշտ կանեն Հայաստանի իշխանությունները, որ հիմիկվանից օրենք ընդունեն, որ այդպիսի մեքենաները եթե մտնում են ՀՀ, երկու ամիս հետո պետք է փոխեն ղեկը, որ նրանք իմանան նախապես: Բայց դա չպետք է վերաբերվի արդեն ներկրված մեքենաներին: Ավտովարորդները շատ ճիշտ են մտածում, որ սա ինչ-որ պաշտոնյայի ցեխը կլինի, բիզնեսը կլինի, որ մարդկանցից հերթական անգամ կլինի փող կլպել»:
Վահրամ Բաղդասարյանի խոսքին, որ ՀՀԿ-ականները ուրիշ բիզնես չունեն, պետք է ղեկը փոխելու բիզնե՞ս դնեն, Ավետիք Իշխանյանն արձագանքեց. «Պետք է այնտեղից էլ քերեն, այնտեղից էլ: Ընդհանրապես հնարավոր է, որ իսկապես մի տեսակի երթեւեկության դեպքում մյուս կողմի ղեկն անվտանգ չէ, բայց ես կարծում եմ, որ ՀՀ ճանապարհատրանսպորտային անվտանգության հիմնական խնդիրը դա չէ, ճանապարհներն են: Ճանապարհների քարուքանդ լինելն է հիմնական պատճառը վթարների, ինչպես նաեւ վարորդական իրավունքը կաշառքով, տարբեր ծանոթների միջոցով ստանալը: Սա է հիմնական հարցը Հայաստանի անվտանգ երթեւեկության, ոչ թե ղեկը»:
Իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մեզ հետ զրույցում աջ ղեկով մեքենաների շահագործման հնարավոր արգելքի հետ կապված ասաց. «Ես մեքենա վարել չգիտեմ, ինձ համար աջն էլ է մեկ, ձախն էլ է մեկ»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
13.10.2017