Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյոք կինոն էլի ձեռնունայն չի՞ մնա»

Հոկտեմբեր 14,2017 14:00

Ռեժիսոր Գագիկ Ղազարէն` Կինոյի մասին օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Կինեմատոգրաֆիայի մասին օրենքի նախագիծը տարաբնույթ կարծիքների տեղիք է տվել: Օրինակ, ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը դրական միտում է համարել, որ օրենքը վերջապես հասել է ինչ-որ հանգրվանի եւ քննարկման դրվել, բայց նա մտավախություն ունի, որ օրենք ընդունելու համար տարիներով կռիվ տված մարդիկ մշտապես կինոյի գումարներին որպես մակաբույծ տիրած «կինոէլիտայի» հետ նույն ճամբարում են լինելու:

Կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը եւս մտահոգ է Կինոյի մասին օրենքի նախագծով: Նա օրինագծում մի շարք վտանգներ է տեսնում, օրինակ այն, որ հայկական կինոն պաշտպանված չէ: Նա մասնավորապես ասել էր, որ կինոյի մարդիկ չեն կարող օրենք գրել, քանի որ առաջնորդվում են հույզերով: Հարություն Խաչատրյանի ձեւակերպմամբ, Կինոօրենքը գրում են փորձագետները, ոչ թե օպերատորներն ու կինոռեժիսորները:

«Առավոտի» հետ զրույցում ռեժիսոր Գագիկ Ղազարէն, որ հրավիրված է եղել օրենքի նախագծի քննարկմանը եւ լրացումներին, նշեց. «Չկա մի կինեմատոգրաֆիստ, որ հակված չլինի նրան, որ մեզ իսկապես Կինոյի մասին օրենք է անհրաժեշտ»: Ռեժիսորը, սակայն, տարակուսած է. «Մի քանի օրենքների նախագծերի քննարկումների եմ եղել, Կինոյի մասին օրենքի նախագծի ներկայիս տարբերակը նախկինում քննարկվածների համեմատությամբ շատ տարբեր է, եւ եթե նախորդներում կային մանրամասներ, որոնք կետ առ կետ հասկանալի էին դարձնում սկզբունքները, այս պարագայում մեր առաջ զուտ իրավաբանական մի փաստաթուղթ է, որը բազմաթիվ բացեր ունի: Հիմնավորումներն ավելի շատ գնում են ենթաօրենսդրական ակտեր, որոնցից կինեմատոգրաֆիստներն այդքան տեղյակ չեն: Այդտեղից առաջանում են անհանգստություններ, թե զուտ նեղ մասնագիտական այս կամ այն խնդիրն ինչպես պետք է լուծվի, ոչ մի բան տեսակների բաժանված չէ, օրինակ՝ դեբյուտը եւ առաջին լիամետրաժ ֆիլմը, ավելի փորձառուների պարագայում էլ ամեն ինչ անորոշ է եւ թողնված հետագա կանոնակարգային տեքստերի, հիմնականում ամեն ինչ թողնվում է բարի ցանկությունների վրա, իսկ դա բնական անհանգստություն է առաջացնում կինեմատոգրաֆիստների շրջանում»:

Մեր հարցին` նման ձեւով ընդունվելու դեպքում, օրենքն ի՞նչ վտանգներ ունի, Գագիկ Ղազարէն պատասխանում է. «Առաջին իսկ քայլից վտանգն այն է, որ տեսանելի չէ, թե ինչ ստրատեգիա է այնտեղ մշակվում: Մենք վստահություն չունենք, թե այս փաստաթուղթն ինչ ճակատագրի կարժանանա, քանի որ կառավարության ցանկացած նախաձեռնության վերջնարդյունքում չենք հանդիպել հաջողված փորձի… Սա ասես ոչ այնքան օրենք է, որքան կարգավորումների ներքին կառավարչական փաստաթուղթ, որտեղ չի երեւում, թե հայկական կինոն ինչ ստրատեգիայով է զարգանալու: Այսինքն, եթե դա բիզնես պլան է, ինչ-որ ձեւերով մտածվում է գումար աշխատել, այդ գումարը ի՞նչ մեթոդաբանությամբ է մտնելու հայկական կինարտադրության համակարգի մեջ, որ հետո շրջադարձային բան տեղի ունենա, արդյոք այդ գումարը չի՞ գնալու բյուջե, ու կինոն էլի ձեռնունայն մնա: Նման չորոշակիացված հարցեր կան: Չնայած ասում են` ամեն ինչ ժողովրդավար սկզբունքներով է լինելու, բայց մեկ է` տեքստը գաղտնիքներ ունի իր մեջ, որոնք չեն բացվում…Մի բան էլ կուզենայի շեշտել` երբ եղավ հանդիպումը նախարարությունում, ժամանակ տվեցին, ու էդ ժամանակից հետո ենթադրվում էր, որ օրինագծի մեկ ուրիշ օրինակը տեսանելի կլինի, որտեղ ներառված կլինեն բոլոր առաջարկությունները, սակայն առաջարկները փոխանցվեցին, որոշ քննարկումներ եղան, բայց այդպես էլ հայտնի չդարձավ, թե դրանք ինչ ազդեցություն ունեցան նախագծի վրա: Հիմա էլ նախագիծը պետք է հապշտապ մտնի կառավարություն: Այդ աշխատաոճը ճիշտ չէ, որովհետեւ հաշվետվողականություն պետք է լինի, ու եթե հաջորդ անգամ մեզ հրավիրեն, կարող ենք չգնալ, որովհետեւ կմտածենք, որ մեր առաջարկները չեն կարեւորվում: Այս րոպեին մեծ անորոշություն կա` շատ պարզ բաներ տարբերակված ու սահմանված չեն, ինչպես կինո եւ ֆիլմ արտահայտությունները, կինոփառատոնն ու ֆիլմերի փառատոնը: Շատ բաներ պարզ չեն` փոքրից մինչե մեծ մտահոգությունները: Տերմինների հետ կապված նեղ մասնագիտական հարցեր կան, որոնց վերաբերյալ պետք է խորհրդակցեն կինոյի դաշտում աշխատող մարդկանց հետ»:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031