Վերջերս ՀՀ նկարիչների միության ցուցասրահում բացված գեղանկարիչ Ավետիք Չթչյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսն ու նոր լույս տեսած նրա գրքի շնորհանդեսը մեծ անակնկալ էր նրա ընկերների ու նրա արվեստի երկրպագուների համար: Ի ծնե նուրբ ու զգայուն հոգին, այս իսկական նկարիչն ասես անցել է ամենաբարձր, ամենակատարյալ դպրոցը՝ կյանքի դպրոցը, որը նրա տառապանքների հետ մեկտեղ, նաեւ իմաստուն է դարձել: Քչերին է հաջողվում այդքան երիտասարդ տարիքում այդքան իմաստուն լինել, եւ ապրել՝ ստեղծելով ոչ միայն արվեստի իսկական, մեծարժեք նմուշներ, այլեւ բացառիկ հոգեւոր արժեքներ:
Նրա ստեղծագործությունը հենց իր կյանքի արտացոլանքն է, վճիտ, մաքուր, պարզ ու չափազանց խորը, խորիմաստ, ինչպես ինքը՝ նկարիչը, ինչպես նրա «ես»-ը, բազմապիսի, բազմաշերտ, բազմաբնույթ, խորունկ, ինչպիսին նկարչի էությունն է: Ավետիքի բոլոր գործերն ասես նրա էության, նրա բացառիկ մարդկային տեսակի ներաշխարհի մասնիկներն են: Ժամանակակից արվեստի այսօրվա խայտաբղետ ֆոնին հիասքանչ էր տեսնել նմանօրինակ կախարդական մի կղզյակ, ուր ավանդականն ու դասականը մի կողմից, նորարարությունն ու նորի համարձակ փնտրտուքն ու կիրառումը մյուս կողմից, նկարչի ստեղծագործությանը հաղորդում են յուրօրինակ հմայք: Նրան հետաքրքրող աշխարհում, սակայն, միայն նյութը չէ, ոչ էլ առարկան, իրը, նրա ձեւն ու բովանդակությունը:
Նրան հետաքրքրում է ամեն ինչ` կապված իրերի ու երեւույթների հետ: Նկարչի ուշադրությունը գրավում է ոչ միայն իրեն շրջապատող թե ժամանակակից եւ թե հնաոճ իրերը, այլեւ ժամանակի կնիքը դրանց վրա, ոչ միայն դրանց կիրառությունը, այլեւ վերաբերմունքը դրանց հանդեպ: Նա, որպես գեղարվեստական լեզվին խորապես տիրապետող նկարիչ, վարպետորեն համադրում, երբեմն էլ հակադրում է դրանք` հասնելով ներդաշնակության, թե գեղարվեստական լեզվի, թե բովանդակության առումով: Անթերի օգտագործում է գույնը իր ողջ նրբերանգներով, երբեմն ներհակ գույների համադրությունը զուգակցում է կիսաերանգների մեղմանցումներով, լույսի ու ստվերի հազիվ տեսանելի եզրագծերը շոշափելի դարձնելով, ընդգծելով կոնկրետ իրը իր առանձնակի փայլով, այդքան բարձր գնահատվող դասական արվեստում՝ հատկապես նատյուրմորտի ժանրում: Սակայն նկարիչը գրեթե համոզված է, որ այսօր դրանք բավարար չեն ներազդելու, ներգործելու մարդկային հոգու ու մտքի վրա, եւ քանի որ կա վախ չհասկացվելու, ուստի նկարիչը դիմում է զանազան միջոցների, օգտագործելով, ժամանակը «վերջացավ» ընդամենը մի ակնթարթ, մի պահ, շատ աննկատ, ասես միացնելով ու միաձուլելով հինն ու նորը, անցյալն ու այսօրը, եւ հենց նույն այդ իրերի ու առարկաների կիրառմամբ, որն էլ ցնցող ազդեցություն է թողնում: Քանի որ ժամանակի մեջ ասես ոչինչ էլ չի փոխվել, ամեն ինչ հավերժորեն նույնն է, իսկ մեր վախերը ու նյութից, իրերից ու առարկաներից կառչելը գրեթե անհեթեթ:
Եվ քանի որ գեղագիտությունը, ըստ էության, կանոնավորում է, ենթադրում է մտքի, գեղարվեստական լեզվի կարգավորում, նա ճշգրտորեն կիրառում է այս մեխանիզմը, որպեսզի հասկանալի դարձնի ասելիքը: Կանոնավորման շնորհիվ նա ուժեղացնում է կտավի ինֆորմացիոն կողմը, ասելիքը, ազատվելով ոչ պետքական, ոչ անհրաժեշտ մտքից, նյութից, ավելորդից: Դա երբեմն նկարչին հասցնում է ծայրահեղության: Երբեմն դիմում է սյուրարվեստի այս կամ այն ուղղությանը՝ մինիմալիզմի «Ադամ», «Եվա» կտավներում, օգտագործում է կոնցեպտուալ արվեստի ցանկացած միջոց, հակադրելով ու միացնելով, մեկտեղելով երբեմն իրականն ու աբսուրդը ու անհնարինը: Նա ամենեւին չի վախենում իր փորձարարությունից, մի դեպքում կիրառելով այս կամ այն ենթատեքստը, կտավին հաղորդում է մեկ այլ ներիմաստ: Ինչպես օրինակ՝ «Տանձեր»: Չի վախենում ու գրեթե առանց պատվանդանի, առանց հենարանի օդում կախված թողնելով ոչ միայն խնձորները, այլեւ հնաոճ ու նախշազարդ կարպետները ու գորգերը: Բարձրաճաշակ գեղագիտությամբ ու խորը գաղափարայնությամբ են առանձնանում հատկապես նրա «Սուրբ Ստեփանոս: Նատյուրմորտ» եւ «Գեղարդ: Նատյուրմորտ» կտավները, որտեղ նա օգտագործում է ճարտարապետական այս կամ այն տարրը, սակայն դրանք իրենց խորությամբ ու կարեւորությամբ առաջնային են ու հիմնական եւ չափազանց արժեքավոր:
Փոխկապակցվածությունը ստեղծագործական մտքի, լեզվի գծապատկերի ու երփնագրի առումով Ավետիք Չթչյանի գործերում հստակ է: Այն առկա է թե նատյուրմորտներում, թե ժանրային աշխատանքներում եւ թե բնապատկերներում:
Խորը ազդեցություն է թողնում «Ընտանիք» կտավը, որն առանձնանում է զուսպ արժանապատվությամբ եւ որը պարունակում է չափազանց կարեւոր ուղերձ:
ԷՄԻԼԻԱ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ
արվեստաբան