Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը նախարար Ամիրյանին այսօր տեղում ներկայացրեց թանգարանի վերանորոգման խնդիրները: Թանգարանի ներսում և բակում իրավիճակին ծանոթանալուց հետո Արմեն Ամիրյանն առաջարկեց գրավոր մանրամասնել դրանք, կազմել նախահաշիվ՝ յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ ծախսային առանձին հատվածով:
«Մինչև Թումանյանի 150-ամյակը պետք է լուծենք ամենահրատապ խնդիրները: Հոբելյանին թանգարանն առնվազն արտաքին պատշաճ տեսք պետք է ունենա: Առանձնացված նախահաշիվը հնարավորություն կտա հասկանալու՝ ինչպե՞ս ենք լուծում խնդիրները պետական ու մասնավոր միջոցների համադրությամբ»,- ասաց նախարարը:
Մշակույթի նախարարի այցին մանկավարժների ուղեկցությամբ թանգարանում էին նաև Երևանի թիվ 133 միջնակարգ դպրոցի աշակերտները: Արմեն Ամիրյանը զրուցեց երեխաների հետ, փորձեց հասկանալ՝ ի՞նչն է ամենից շատ նրանց դուր եկել: Մեկին Թումանյանի դստեր սենյակն էր գերել իր գեղեցկությամբ, մյուսին՝ գրողի աշխատասենյակը: Երեխաներից մեկն էլ նկատեց, թե՝ Թումանյանի հոգին: Թումանյանի հոգին նաև հենց նրա ծննդավայրում բացահայտելու համար նախարարը երեխաներին ու նրանց ուղեկցող ուսուցիչներին հորդորեց անպայման այցելել Դսեղ, ծանոթանալ Թումանյանի ծննդավայրում գտնվող նրա տուն-թանգարանին:
«Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք օգնել լուծելու տեղափոխության խնդիրը»,-խոստացավ նախարարը : Ուսուցչուհին որոշեց երկաթը «տաք տաք ծեծել», ու ի վերջո բաժանվեցին «կառուցողական պայմանավորվածությամբ»:
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին