Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2799» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան այցելած ՌԴ Դոնի Ռոստովի քաղաքապետ Վիտալի Կուշնարևի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Երևանի և ՌԴ մարզերի ու քաղաքների հետ հարաբերությունների ներկա մակարդակը, ընդգծելով, որ այս հարցում, անշուշտ, իր դերակատարումն ունի երկու ժողովուրդների բարեկամությունը: Համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման հարցում իր մոտեցումներն ու առաջնահերթությունները՝ Տարոն Մարգարյանը հատկանշել է այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցություն է ծավալում գործընկեր քաղաքների հետ:
«Դոնի Ռոստովի հետ համագործակցությունը ևս մեզ համար կարևորված է, ու մենք համատեղ ուժերով պետք է անենք հնարավորը՝ երկու քաղաքների մեջև առկա համագործակցության ծրագիրը լիարժեք կյանքի կոչելու համար: Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակում կունենանք շոշափելի արդյունքներ՝ այդ թվում նաև քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացնելով համատեղ նախագծեր», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հրավերի համար՝ Դոնի Ռոստովի քաղաքապետ Վիտալի Կուշնարևն, իր հերթին կարևորելով երկու քաղաքների միջև ստորագրված համագործակցության ծրագիրը, ընդգծել է, որ կարվի հնարավորը՝ նախանշված բոլոր ուղղություններով զարգացում ապահովելու համար:
«Պարոն քաղաքապետ, մեզ համար անչափ հաճելի է ներկա գտնվել հազարամյակների պատմություն ունեցող Ձեր գեղեցիկ մայրաքաղաքի ծննդյան տոնակատարությանը: Աշխարհում քիչ քաղաքներ կան, որոնք կարող են հպարտանալ նման պատկառելի տարիքով, միաժամանակ նաև ժամանակակից տեսքով ու կենսունակությամբ: Վստահ եմ, որ մենք՝ Ձեզ հետ միասին, կարճ ժամանակ անց անպայման կարձանագրենք հաջողություններ երկու քաղաքների փոխշահավետ համագործակցության դաշտում: Երևանը մեզ համար հարազատ քաղաք է ու, համոզված եմ, որ գործընկերային մեր հարաբերությունները լինելու է հեռանկարային, ինչի ներուժն առկա է այսօր թե՛ Երևանում և թե՛ Դոնի Ռոստովում», – նշել է Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավարը:
Առիթն օգտագործելով՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Դոնի Ռոստովի քաղաքապետին հրավիրել է հաջորդ տարի կրկին այցելել Երևան ու դառնալ 2800-ամյա Երևանի հոբելյանական տարեդարձի տոնական միջոցառումների մասնակիցը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն