Հոկտեմբերի 12-ին Վիլնյուսի Վայդիլոս թատրոնում կայացավ Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված համերգ և ընդունելություն: Համերգի ընթացքում Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը կատարեց հայկական և լիտվական դասական երաժշտության ստեղծագործություններ (Կոմիտաս, Խաչատրյան, Դալալյան, Չյուրլիոնիս, Դվարիոնիս):
Համերգի բացմանը Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշեց, որ խորհրդանշական է Լիտվայում Հայաստանի անկախությունը նշել հայկական, ինչպես նաև լիտվական երաժշտության կատարումներով: Դեսպանն ասաց, որ ուղիղ մեկ շաբաթ առաջ Հայաստանում հաջող ավարտվեց հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի նիստը: «Միջկառավարական հանդիպման ընթացքում կնքված պայմանագրերը և լիտվական պատվիրակության հանդիպումներն ընդհանուր առմամբ նշանավորում են երկկողմ հարաբերությունների խորությունն ու մակարդակը: Բացի ակտիվ քաղաքական երկխոսությունից, մենք շարունակաբար ընդլայնում ենք մեր տնտեսական, ապակենտրոնացված, կրթական, իրավական, սոցիալական և ի վերջո մշակութային բնագավառներում համագործակցությունը: Մշակույթը հատուկ տեղ և կշիռ ունի մեր երիրների միջև հարաբերություններում, քանի որ այն դարեր շարունակ եղել է մեր փոխհարաբերությունների անկյունաքարը: Մշակույթն ընդգծում է այն արժեքները, որոնք մենք կիսել և շարունակում ենք կիսել: Այս առումով, այսօրվա համերգը մեր ընդհանուր մշակութային արժեքների խորհդանշական արտահայտություն է», – նշեց դեսպան Մկրտչյանը:
Համերգին ներկա էին Լիտվայի օրենսդիր և գործադիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Լիտվայում հավատարմագրված դեսպաններ, մտավորականներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Համերգը լայնորեն լուսաբանվեց տեղական մամուլում, ներառյալ Լիտվայի հանրային հեռուստաընկերությամբ:
Հայկ Մելիքյանի վիլնյուսյան մենահամերգով տրվեց Լիտվայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված հայկական մշակութային օրերի մեկնարկը: Հայկ Մելիքյանը մենահամերգով հանդես կգա նաև հոկտեմբերի 13-ին Կաունասում: Իսկ հոկտեմբերի 15-ին կկայանա Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ գալա համերգը, որի ընթացքում կհնչեն օպերային արիաներ՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային վոկալ մրցույթի հաղթողներ Ջուլիետա Ալեքսանյանի, Գագիկ Վարդանյանի, Ազամատ Ժելտիրգուզովի կատարմամբ:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն