Հոկտեմբերի 12-ի երեկոյան Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեպար գյուղում շնագայլը հարձակվել է գյուղի բնակչուհի, 1940թ. ծնված Անախազ Աղբալյանի ձեռքը: Աղբալյանների առանձնատունը գտնվում է ձորակի մոտ: Կինը բուժօգնության համար հիվանդանոց է գնացել: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ հոկտեմբերի 12-ին, ժամը 19.45-ին Ա. Աղբալյանը ԲԿ է դիմել ձախ դաստակի կծած վերքով: Նոյեմբերյանի ԲԿ-ում ոսկեպարցի կնոջն անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել:
Նախկինում հայտնել ենք, որ այս տարվա հուլիսին Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղում, առավոտյան ժամը 8.30-ի սահմաններում շնագայլը հարձակվել է ամուսինների՝ 55-ամյա տղամարդու եւ նրա 51-ամյա կնոջ վրա: Դեպքը տեղի է ունեցել գյուղի տարածքում, նրանց տան մոտ: Շնագայլը կծել է կնոջը, վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել կենդանուն: Շնագայլի հարձակմանը ենթարկված կինը մի քանի ամիս հիվանդանոցներում բուժվել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ