«ՀԱՊԿ-ը արհեստական մի ինստիտուտ է եւ եթե կարողանում ենք օգտվել նրանից՝ եկեք օգտվենք, հնարավորություն կա՞ գիտելիք, զենք ստանալ, բերել, ինչ- որ բաներ անել որոնք նպաստում են Հայաստանի հզորացմանը՝ եկեք դրանից օգտվենք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես ասաց քաղաքական վերլուծաբան Թեւան Պողոսյանը՝ ավելացնելով, որ ՀԱՊԿ-ը եկել է Հայաստան զորավարժություններ անցկացնելու, որի արդյունքում պետք է նկատել՝ արդյոք Հայաստանի զինված ուժերը այդ համատեղ զինավարժությունների ընթացքում կարողացա՞ն որոշակի հմտություններ, ունակություններ ձեռք բերել, թե՝ ոչ:
Միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանն էլ ավելացրեց, որ ՀԱՊԿ-ի վտանգը Հայաստանի համար այն է, որ Հայաստանի իշխանությունները իրենց անվտանգությունը ոչ միայն կապել են ՀԱՊԿ-ի հետ, այլ արդեն համարում են հարցը լուծված եւ կայացած:
Բանախոսները նաեւ մեծ սպասումներ չունեն հաջորդ շաբաթ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Ժնեւում կայանալիք հանդիպումից: Հովհաննես Իգիթյանը այդ առիթով կարծիք հայտնեց, որ պատերազմական իրավիճակում հնարավոր չի խոսել կոնֆլիկտի լուծման կետերի մասին, լինեն դրանք մադրիդյան, թե այլ սկզբունքներ, քանի որ այսօր պետք է կոնֆլիկտը խաղաղ լուծվի. «Հայաստանը այդ հարցը պետք է լուծի սկզբունքային ձեւով, պետք է շարունակի այդ հարցը, նաեւ օգտագործի այլ խաղացողներին, որպեսզի հարցը խաղաղ ձեւով լուծվի»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ