Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահան Արծրունին՝ հանրության կորցրած կապի, ռաբիսների կոչումների եւ Երեւանի դիմագծի մասին

Հոկտեմբեր 13,2017 17:50

ԵՊՀ ուսխորհրդի մշակույթի հանձնաժողովը հոկտեմբերի 13-ին հյուրընկալել էր կոմպոզիտոր Վահան Արծրունուն: Ուսանողները հնարավորություն ունեցան նրան հարցեր ուղղելու: Օրինակ, հետաքրքրում էր, թե ինչո՞ւ բժշկական ինստիտուտ ավարտած Վահան Արծրունին հետագայում ընտրեց երաժշտության ոլորտը:

Արվեստագետն ասաց, որ հաճելի է հյուրընկալվել ԵՊՀ-ում, որտեղ մի քանի անգամ նաեւ ռոք խմբով է եղել: Նրա ձեւակերպմամբ, ԵՊՀ-ն իր համար հարազատ վայր է, քանի որ իր պապը՝ Վահան Արծրունին, համալսարանի հիմնադիրներից է, իսկ մայրը հիսուն տարի դասավանդել է մայր բուհում: Վահան Արծրունին նաեւ հավելեց, որ երբ 26 թ. հիմնադրվում է բժշկական համալսարանը, պապը` Վահան Արծրունին, որ բժշկապետ էր, տեղափոխվում է այդ բուհ, հետեւաբար ինքը պապի անունը կրելով՝ ուղղակի պարտավոր էր բժշկական ընդունվել: Հետագայում, իհարկե, սովորել է Երեւանի պետկոնսերվատորիայում, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի դասարանում:

Ուսանողների հետ զրույցում Վահան Արծրունին, իր խոսքերով, միշտ նույն դեմքերին քարոզող հեռուստաալիքներին էլ անդրադարձավ, ասաց, որ ինքը միակը չէ, որ հեռուստացույց չի դիտում, եւ իրենց տանն արդեն երկու տարի է՝ հեռուստացույց չկա: Իր նոր ռադիոհաղորդաշարից` «Երաժշտական եռանկյունուց» էլ խոսեց, որտեղ հնչում է բազմաժանր երաժշտություն` ակադեմիական դասականից մինչեւ էլեկտրոնային, ավանգարդ երաժշտություն:

Երաժիշտն ասաց, որ իրեն հետաքրքրում են եւ դասականը, եւ ֆյուժնը, եւ ռոքը, բայց բոլորով միաժամանակ չի զբաղվում, դրանցով զբաղվում է տարբեր փուլերում: Վահան Արծրունին առանձնացրեց նաեւ իր գործունեության այն հատվածը, որը վերաբերում է կինոյի եւ թատրոնի համար գրված երաժշտությանը: Նա հիշեցրեց, որ «Արտավազդ» մրցանակ է ստացել թատերական ներկայացման համար գրված լավագույն երաժշտություն անվանակարգում, նաեւ հավելեց, որ «Օսկարի» նոմինացված հայ-իրանական «Եվա» ֆիլմի երաժշտության հեղինակը նույնպես ինքն է:

Ուսանողներից մեկին հետաքրքրում էր, թե Վահան Արծրունին մեր մայրաքաղաք Երեւանը երաժշտական որ ոճին է նմանեցնում: «Երեւանը չունի իր յուրահատուկ ոճը, չունի իր երաժշտական դեմքը, ինչպես բոլոր մայրաքաղաքները, Երեւանը նման է խճանկարի, նայած թե որ տիրույթում ես գտնվում, ըստ այդմ էլ համապատասխան երաժշտության կհանդիպես»,-ասաց արվեստագետը: «Երեւանն ունի իր լոկուսները, ինչպես Մանհեթընը…Մանհեթընի հատվածում 400 երաժշտական ակումբ կա, դուք չեք կարող բոլորը գնալ…Պետք է նախապես իմանաք, թե որ ակումբում ինչ է լինելու, որովհետեւ մի տեղ այսօր կարող է Չիկ Կորեան լինել, վաղը նույն ակումբում՝ խայտառակ մի բան…Նույնն էլ Երեւանում է»,-կարծում է Վահան Արծրունին:

Aravot.am-ը քաղաքացի արվեստագետից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում այն արվեստագետներին, որոնք հայտարարում են, թե բացի արվեստից՝ այլնի հետ կապ չունեն, իրենց գործը զուտ ստեղծագործելն է:

«Շատ վատ…Ամենահեշտ բանն ասելն է, որ ես այս ոլորտի մասնագետն եմ, եւ միայն ոլորտի հետ կապ ունեմ…Ամենացայտուն օրինակին օրերս ականատես եղանք…Լեւոն Իգիթյանը ոչ ցիվիլ վարք ցուցաբերեց, հաջորդ օրը լրագրողներն այդ մասին կարծիք հարցրին Երվանդ Երզնկյանից, որն ասաց, թե կիսաքնած է եղել եւ չի լսել ոչինչ…Եվ սա ասում է ավագանու անդամը…Արվեստագետները եւ մյուս մտավորականները պարտավոր են քաղաքացի լինել, եթե նրանք քաղաքացի չլինեն, այլ ոլորտի ներկայացուցիչներն ինչպե՞ս պետք է վարվեն»,-ասաց Վահան Արծրունին, ապա կոչ արեց ուսանողներին. «Դուք էլ եք վաղը մտավորական դառնալու, կոչ եմ անում, որ լինեք քաղաքացի»:

Իր սեղանի գրքերից էլ խոսեց, դրանք են Մարկեսի «100 տարվա մենությունը», Նիցշեի «Այսպես խոսեց Զրադաշտը», Չեխով, Տոլստոյ, Հրաչյա Թամրազյան, Հրանտ Մաթեւոսյան, Ռազմիկ Դավոյան, Կոմիտաս…Այս պահին Ուլիցկայայի գիրքն է ընթերցում Ստալինյան շրջանի մասին, իսկ անընդհատ ընթերցվող գիրքն իր համար Ավետարանն է:

Վահան Արծրունին պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, ասաց, որ առաջարկ, պահանջարկ եւ սպառում բառերը տնտեսական ոլորտի արտահայտություններ են եւ մշակույթի հետ կապ չունեն. «Սպառողականությունը չի դրդում հանրությանը դեպի արվեստ եւ մշակույթ, արվեստի ուժն է դրդում»:

Կոչումներին էլ անդրադարձ եղավ: Վահան Արծրունու խոսքով, դրանք շնորհվում են ժամանցային ոլորտի երգիչներին, որոնք իր ձեւակերպմամբ, պատրաստ են «սպառվել». «Մենք երգենք, դուք քեֆ արեք»: Կոմպոզիտորն ասում է, դա ռաբիս երգիչների համար լավ է, բայց հանրությունը կորցնում է կապը արմատների հետ, արժեհամակարգն է աղավաղվում. «Այդ խնդիրն էլ պահանջում է պետական մասշտաբի ռեսուրս»:

Նա իր հանված համերգից էլ խոսեց. «Իմ համերգը, որ ներառում էր Մաշտոցի շարականների մեկնություններից մինչեւ Կոմիտասի բանաստեղծությունների վրա գրված երաժշտություն, արգելվեց մշակույթի նախարարության կողմից…Ես ունեմ հրավեր Ֆրանսիայից, այլ երկրներից նույն գործերը հնչեցնելու, արվեստագետները այս կամ այն կերպ ինչ-որ լուծում գտնում են, իսկ հանրությո՞ւնը…Հանրությունը կորցնում է կապի հնարավորությունը…Մշակույթի նախարարության գործունեությունը, ցավոք, դրան է միտված»

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031