Այս տարվա հունվարի 1-ից սկսած ՀՀ-ում աշխատող քաղաքացիների աշխատավարձից 1000-ական դրամ է պահվում՝ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման համար: Այդ մասին օրենք է գործում:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայց էր ներկայացրել դատարան՝ պահանջելով վերադարձնել իրենց աշխատողների աշխատավարձից պահված գումարները: Ինչպես տեղեկացրել ենք, հոկտեմբերի 27-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի վճիռը՝ վերադարձնելո՞ւ են այդ 1000 դրամները, թե՞ ոչ:
Aravot.am-ի հետ զրույցում գրասենյակի ներկայացուցիչ փաստաբան Անի Չատինյանն ասաց, որ դատարանը մերժեց իր միջնորդությունը, որ դատական գործը կասեցնեն եւ դիմեն Սահմանադրական դատարան: Ըստ ՀՔԱՎ-ի, կա հակասություն՝ եթե դա վճար է, վճարը պարտադիր լինել չի կարող. «Մենք այդ հիմնավորմամբ միջնորդություն ներկայացրեցինք, որ դատարանը դիմի Սահմանադրական դատարան: Բայց դատարանը որոշեց, որ այն ենթակա է մերժման եւ գտավ, որ հայցվորները զրկված չեն ՍԴ դիմելու հնարավորությունից, ընդ որում, եւ ՊՆ-ի եւ ֆիննախի ներկայացուցիչները չէին առարկել միջնորդության դեմ»:
ՊՆ-ն պնդել էր, որ իրենք կողմ չեն, չպետք է պատասխանող լինեն, քանի որ մարդկանց աշխատավարձերից պահվող այդ 1000 դրամների հետ իրենք գործ չունեն: Այս նիստում նախարարության ներկայացուցիչ Սանթրոսյանը դարձյալ պնդել է իր այդ մոտեցումը:
Մեր հարցին՝ դիմելո՞ւ եք Սահմանադրական դատարան՝ Անի Չատինյանը պատասխանեց. «Եթե արդյունք չունենանք՝ այո: Պիտի դեռ քննարկենք, բայց համենայնդեպս պլանավորում ենք: Քանի որ դատարանը չկասեցրեց գործը եւ ինքը չդիմեց, հիմա չի բացառվում, որ մենք դիմենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ