Հոկտեմբերի 13-ին գիշերը Թուրքիայի զինված ուժերը (TSK) մտել են Սիրիայի հյուսիսային Իդլիբ շրջան:
Ըստ թուրքական «Gazetevatan» թերթի կայքի՝ Թուրքիայի զինուժի ներխուժումը Իդլիբ, ընթանում է Իրանի և Ռուսաստանի հետ համաձայնությամբ, որը ձեռք է բերվել Աստանայի բանակցությունների շրջանակներում: Նախատեսվում է Իդլիբում ստեղծել անվտանգության գոտի:
Միջանկյալ նշենք, որ Իդլիբում լարված դրություն է, քանի որ «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ճյուղավորումներից մեկը փորձում է տարածքը իր վերահսկողության տակ վերցնել: Իսկ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը նպատակ ունեն կանխել դա:
Աղբյուրը տեղեկացնում է, որ գիշերը Թուրքիայի զինուժին պատկանող 12 զրահապատ մեքենայից կազմված ավշորասյունը 80 թուրք զինվորների հետ միասին մտել է Սիրիա և շարժվել դեպի Իդլիբ: Նշվում է, որ Սիրիա են մտել նաև թուրքական տանկեր:
Թուրքիայի հատուկ ծառայությունները հոկտեմբերի 8-ից սկսած հետախուզական տվյալներ էին հավաքում՝ Իդլիբ մուտք գործելու համար:
Հիշեցնենք, որ Աստանայում ձեռքբերված համաձայնությամբ՝ Իդլիբում «անվտանգության» գոտի է սահմանվել. որպես երաշխավոր երկրներ հանդես են գալիս Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը: