Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ ըստ միջազգային եզրակացությունների՝ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը լիովին անվտանգ է

Հոկտեմբեր 13,2017 16:21

Հոկտեմբերի 13-ին նշվող Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներ:

Քննարկումներին ներկա էին նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եղանակային փոփոխությունների և աղետների ռիսկերի նվազեցման վարչության ղեկավար Ջո Շուերը և ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի Եվրոպայի տարածաշրջանային վարչության ղեկավար Պաոլա Ալբրիտոն:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կ.Նահապետյանը՝ ողջունելով այս նախաձեռնությունը և շեշտելով հասարակության շրջանում աղետների ռիսկի նվազեցման գիտակցությունը բարձրացնելու անհրաժեշտությունը:

Շնորհակալություն հայտնելով լսումներ կազմակերպելու հնարավորության համար և նշելով դիմակայուն զարգացման գործընթացում ՀՀ ԱԺ կարևոր դերակատարությունը՝ ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը մասնավորապես ասաց.

– Ամռանը հաստատված ՀՀ կառավարության ծրագիրն ունի համեմատաբար երկարաժամկետ՝ 5 տարվա տեսլական, ու այնտեղ առաջին անգամ ներառել է աղետների ռիսկի նվազեցումը՝ որպես առանձին ծրագրային բաղադրիչ: Այսպիսով՝ ծրագիրը նպատակաուղղված է բնական և մարդածին աղետների ռիսկի նվազեցմանը, հնարավոր հետևանքների կանխարգելմանը և վերացմանը՝ այդ կերպ նպաստելով երկրի կայուն զարգացմանը և ազգային անվտանգության ամրապնդմանը: Կառավարության ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվում ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի բարելավմանն ու համապատասխան քաղաքականության ձևավորմանը:

Դիմակայուն զարգացման տեսլականը պահանջում է ձևավորել նոր հանրային պահանջարկ, և այդ ուղղությամբ անգնահատելի է ԱԺ դերակատարությունը: Այստեղ խոսքը ոչ միայն աջակից քաղաքականության և օրենսդրական դաշտի ու բավարար ֆինանսական բյուջետային միջավայրի ձևավորման մասին է: Խոսքը, նախ և առաջ, ԱԺ միջոցով պետություն-հանրություն երկխոսությունն անհրաժեշտ մակարդակի բարձրացնելու և հասարակության շահերից բխող արդյունավետ որոշումների կայացման մասին է: Հաջորդ քայլը, բնականաբար, վերաբերում է ԱԺ միջոցով ոլորտի զարգացման պատասխանատուների հաշվետվողականությանը:

Խորհրդարանական լսումներում ելույթ ունեցավ նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը՝ բարձր գնահատելով ԱԻՆ կողմից ՏԻՄ-երի և համայնքների հետ տարվող աշխատանքները (վաղ ազդարարման համակարգերի արդիականացում, ապաստարանների կառուցում և այլն):

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի /UNEP/ ազգային կոմիտեի նախագահ Կ.Դանիելյանն իր խոսքում նշեց էկոհամակարգերի պահպանության անհրաժեշտության մասին և գոհունակություն հայտնեց կառավարության կողմից իրականացվող դպրոցների սեյսմակայունության բարձրացման ծրագրի վերաբերյալ:

Զեկույցով հանդես եկավ նաև ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ա.Բարսեղյանը՝ ներկայացնելով հիմնադրամի շրջանակում կատարված աշխատանքները:

Քննարկումների ընթացքում պատգամավոր Վ. Բոստանջյանը հարց բարձրացրեց ՀԱԷԿ անվտանգության վերաբերյալ, որին ի պատասխան նախարար Դ. Տոնոյանը հայտնեց, որ ըստ միջազգային եզրակացությունների՝ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը լիովին անվտանգ է:

Խորհրդարանական լսումներին մասնակցող ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները ևս իրենց ելույթներում բարձր գնահատեցին ԱՌՆ ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից տարվող աշխատանքները, նշեցին այդ ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցության կարևորությունը և ընդգծեցին, որ անհամեմատ ավելի արդյունավետ է նվազեցնել ռիսկը, քան հետագայում ահռելի ծախսեր անել աղետներին արձագանքելու համար:

Ամփոփելով լսումները՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կ. Նահապետյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին արդյունավետ ու բազմակողմանի քննարկման համար և հավաստեց, որ լսումների արդյունքների հիման վրա կպատրաստվի հայտարարություն, իսկ հանձնաժողովը պատրաստ է քաղաքական կամք դրսևորել ԱՌՆ գործընթացները խթանելու համար:

 

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031