«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստում այսօր որպես վկա հարցաքննվեց 65-ամյա Աշոտ Պետրոսյանը:
Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի հարցին ի պատասխան, թե իրեն ինչ է հայտնի այս գործի մասին, վկան ասաց, որ ոչինչ չգիտի ու չի էլ հասկանում՝ ինչո՞ւ է դատարան կանչվել:
Պատասխաններից պարզ դարձավ, որ Աշոտ Պետրոսյանը ճանաչում է միայն Ժիրայր Սեֆիլյանին եւ Գեւորգ Սաֆարյանին՝ որպես «Նախախորհրդարան» կազմակերպության (հետագայում՝ «Հիմնադիր խորհրդարան») անդամների. «Տեսել ենք իրար, բարեւել»:
Պարզվեց նաեւ, որ Պետրոսյանը մեկ անգամ գիշերել է Սեֆիլյանին պատկանող բնակարան-գրասենյակում. «Գիշերը եկել եմ, առավոտ շուտ գնացել: Կարելի է ասել՝ պահակի պես էի…եթե ուզում եք՝ պահակ անվանեք»:
Առավոտյան էլ, վկայի պատմելով, իրավապահների կողմից խուզարկություն է եղել բնակարանում, գտել են փայտե ձողեր, մահակներ: Իսկ հարցին՝ «ընթերականեր եղե՞լ են», վկան այսպես պատասխանեց. «Դա ի՞նչ է»: Սա առաջացրեց դահլիճի ապակե պատնեշից այս կողմ գտնվող քաղաքացիների ծիծաղը:
Ծիծաղ հնչեց նաեւ այն ժամանակ, երբ Աշոտ Պետրոսյանը դիմելով Տաթեւիկ Գրիգորյանին՝ ասաց. «Դո՞ւք եք դատավորը»:
Աշոտ Պետրոսյանը նաեւ չգիտեր, թե ինչ նպատակների է ծառայում «Նախախորհրդարան»-ը, իսկ Ժիրայր Սեֆիլյանի կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու կոչերից տեղյակ չէր:
Հարցերին ի պատասխան՝ վկան նաեւ հայտնեց, որ հոգեմետ դեղեր է ընդունում, իսկ թե ինչու, նրա պատասխանից լսելի դարձավ «շիզոֆրենիա» բառը:
Այնուհետեւ հրապարակվեց Աշոտ Պետրոսյանի նախաքննական ցուցմունքը, համաձայն որի՝ գիշերելու տեղ չունենալու պատճառով ինքը չորս ամիս քնել է Սեֆիլյանի վարձած բնակարանում, որը ծառայել է որպես ՀԽ գրասենյակ: Նաեւ մասնակցել է ՀԽ-ի կազմակերպած բողոքի ցույցերին եւ ակցիաներին, իսկ ՀԽ գրասենյակում հայտնաբերված ձողերն ու մահակներն անհրաժեշտության դեպքում պաշտպանվելու համար են եղել:
Ցուցմունքի հրապարակումից հետո վկան ծափ տվեց՝ ասելով, որ չնայած իր ստորագրության առկայությանը՝ գրվածի 70 տոկոսը չի համապատասխանում իրականությանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ