Այսօր «Հայելի» ակումբում «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը խոսելով Հայաստանում «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր նախաձեռնության փոփոխությունների մասին՝ նշեց, որ թեմաներ է բարձրացրել, որոնց ի պատասխան, պաշտպանության նախարարը սպառիչ պատասխան չի տվել: Օրինակ բերելով կամավորներին վերաբերող հարցը, նախարարը առաջարկել է նրանց ընդգրկել ռեզերվային ստորաբաժանումների կազմում, որոնք ունեն որոշակի տարիքային սահմանափակում: Իսկ առողջական խնդիր ունեցողները, ըստ Վովա Վարդանովի, առաջին ստուգումից դուրս կմնան:
«Փաստորեն մեր պետությունը շարունակում է մեզ հետ խոսել պարտադրանքի լեզվով: Մարդ պետք է իրավունք ունենա իր երկիրը պաշտպանելու»,- ասաց պարոն Վարդանովը՝ օրինակ բերելով իրենց կազմակերպությունում այն երկու հոգուն, որոնք ունեն առողջական խնդիր՝ կապված տեսողության հետ, բայց շատ դիպուկ կրակում են, ավելի լավ՝ քան 100% տեսողություն ունեցողները: «Հիմա այդ մարդկանց ո՞նց չընդգրկես պաշտպանական համակարգի մեջ, գոնե կամավորական ստորաբաժանումներում: Այդ հարցը լուծում չի ստանում եւ նաեւ այն, որ Սփյուռքի մեր հայրենակիցները չեն ընդգրկվում»,- ասաց Վովա Վարդանովը:
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանն էլ ասաց. «Այն ազգը, որ ունենք, այդ ազգով հզոր բանակ ունենալ հնարավոր չէ: Ազգն էլ բարեփոխումների խնդիր ունի: Ազգ ասելով նկատի ունեմ ՀՀ քաղաքացիներին»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ