Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռավշան, վերջապես կողմնորոշվիր` դու որտեղ ես ծնվել». բանավեճ հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև `ԵԽԽՎ-ում

Հոկտեմբեր 13,2017 15:11

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ազատ դեբատների ժամանակ քիչ առաջ բանավեճ տեղի ունեցավ հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև: Ադրբեջանական պատվիրակության յոթ անդամներ մեկը մյուսի հետևից Հայաստանի դեմ մեղադրական ելույթներով հանդես եկան:

Զուհալ Ֆատալիևան Հայաստանին մեղադրեց, որ ահաբեկիչներին ապաստան տվող երկիր է, խոսեց Օռլիի օդանավակայանի, Վարուժան Կարապետյանի, Վազգեն Սիսլյանի մասին: Վստահեցրեց, թե Հայաստանն ահաբեկչական պետություն ե:

Ռավշան Ռզաևը (լուսանկարում) հայտարարեց, թե ինքը ծնվել է  Շուշիում և չի կարողանում իր հայրենիք գնալ, քանի որ «օկուպանտ» հայերը շրջափակել են իր երկիրը:

Զուհալ Ֆատալիևան խոսեց նաև հայերի իրականացրած «սպանությունների, երեխաների գնդակահարությունների», Խոջալուի դեպքերի մասին, թե իբր այն կազմակերպել են հայերը:

Ադրբեջանցի պատվիրակի ելույթին արձագանքեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա վստահեցրեց, որ Խոջալուն կազմակերպել է ադրբեջանական կառավարությունը` Մութալիբովի և Էլչիբեյի գլխավորությամբ:

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ, հակադարձելով ադրբեջանցի գործընկերներին, հիշեց այն արտահայտությունը, թե գողն առաջինն է գոռում` գողին բռնեք և մտահոգություն հայտնեց, որ Ադրբեջանը, օգտագործելով ԵԽԽՎ-ի բարձր ամբիոնը, լկտի սուտ ու ապատեղեկատվություն է տարածում:

Այնուհետև դիմելով Ռավշան Ռզաևին, ասաց. «Քանի որ իմ ադրբեջանցի գործընկերը ռուսերեն է խոսում, ես նրան կպատասխանեմ ռուսերենով: Ռավշան, վերջապես կողմնորոշվիր` դու որտեղ ես ծնվել: Մի նստաշրջանին հայտարարում ես, որ ծնվել ես Շուշիում, մեկ այլում հայտարարում ես, որ ծնվել ես Սարսանգի ջրամբարի կողքին: Հուսամ, որ մինչև հունվարյան նստաշրջան ժամանակ կունենաս կողմնորոշվելու, թե վերջապես դու որտեղ ես ծնվել և մտածելու, որ անհարմար է ամեն անգամ այս ամբիոնն օգտագործել ապատեղեկատվություն և սուտ տարածելու համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031