«Որպեսզի նման դեպքերի եւ բարքի տեսարաններ մեզ չուղեկցեն՝ պետք է փոխենք ամբողջ քաղաքական համակարգը: Այդ մարդիկ չպետք է լինեն օրենսդիր մարմնում, քաղաքական համակարգում: Նոր քաղաքական ընտրանին պետք է ձեւավորվի նաեւ անդրսահմանային հայազգի մեր ներկայացուցիչներից: ՀՀԿ ներկայացուցիչները պետք է ընդհանրապես իրավունք չունենան զբաղվել քաղաքականությամբ»,- այսօր հրավիրած ասուլիսում, խոսելով Երեւանի ավագանու նիստում հայհոյանքի, վիրավորանքների մասին՝ հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
«Երկիր Ծիրանիի» անդամներին զարմացնում է այն, որ «իրական ինտելիգենցիայի ներկայացուցչները» Լեւոն Իգիթյանի հայհոյանքից հետո որեւէ հայտարարությամբ հանդես չեն գալիս եւ չեն դատապարտում:
Հարցին՝ չե՞ք պատրաստվում դատի տալ Իգիթյանին՝ Փոստանջյանը պատասխանեց. «Սա հանրային մեղադրանքի գործ է, իրավապահ մարմինները իրենք պետք է անդրադառնան այս խնդրին, հարուցեն գործ, նախաքննություն իրականացնեն: Մենք ինչ-որ մեկի սեփական տարածքում չէինք գտնվում, եւ մասնավոր զրույց չէր, ավագանու նիստին էինք: Հանրությանը վնաս է պատճառվել եւ գնահատական տալու տիրույթը իրավապահ մարմիններինն է: Մենք կսպասենք, տեսնենք ինչպես կարձագանքեն իրավապահները, որովհետեւ տեղի է ունեցել խուլիգանություն, դա քրեորեն պատժելի արարք է»:
Հարցին՝ եթե ոչինչ չանե՞ն՝ նա պատասխանեց. «Եթե ոչինչ չանեն, մենք հասկանում ենք, որ սա արատավոր երեւույթ է, չի կարելի թողնել անպատիժ, մենք շատ լավ գիտենք ինչպես պաշտպանել մեր իրավունքները: Այս մարդը հերքել է, թե իբր ինքը մեզ չի հայհոյել, արդեն հրաժարվում է հասցեական իր հայհոյանքն ուղղելու հայտարարությունից: Եթե մեր նկատմամբ չի հնչեցրել, այլ՝ դահլիճում, այստեղ խուլիգանություն է: Եթե խնդիրներ ունի առողջական, ապա հիվանդ մարդու հետ գործ ունենք, մեկ այլ տիրույթ պետք է փոխանցել այս վարքագծի գնահատականը: Մենք գտնում ենք, որ մարդը, որ թույլ է տվել արատավոր վարքագիծ, պետք է պատժվի: Եթե հիվանդ է, հիվանդ մարդուն պետք է բուժել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ