«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստում այսօր ամբաստանյալներից Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը ներկայացրեց դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի ինքնաբացարկի միջնորդություն:
Փաստաբանը բավականին երկար միջնորդություն էր պատրաստել՝ համապատասխան մեջբերումներով եւ փաստարկներով իր տեսանկյունից հիմնավորելով, որ Տաթեւիկ Գրիգորյանն անտեսում է օրենքը եւ ոտնահարում քրեական դատավարության սկզբունքները:
Միջնորդության ներկայացման ժամանակ Գրիգորյանը երկու անգամ ընդհատեց փաստաբանին՝ հորդորելով իրեն անձնական որակումներ չտալ:
Տիգրան Հայրապետյանն էլ խորհուրդ տվեց իրեն «այդպիսի դեմքի արտահայտությամբ» չնայել. «Հարգեք ձեզանից մեծերին»: Ապա պնդեց, որ դատավորը դատարանից դուրս ցուցումներ է ստանում, ուստի գործում է այլ անձանց ուղղորդմամբ:
Տաթեւիկ Գրիգորյանն էլ իր հերթին խորհուրդ տվեց իր տարիքի եւ անձնական այլ տվյալների մասին դատարանում շահարկումներ չանել:
Այս գործով մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդության դեմ առարկեց՝ այն որակելով որպես «երկարաշունչ եւ կտրտված տրամաբանական շղթայով»: Նաեւ ասաց, որ դատավորի՝ կողմնակալ լինելու փաստարկներ չներկայացվեցին:
Ի դեպ, Տիգրան Հայրապետյանի միջնորդության ներկայացման ժամանակ դատարան հրավիրված վկան, որի հարցաքննությունն այդպես էլ չի սկսվել միջնորդությունների պատճառով, նստած ննջում էր:
Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը որոշեց իր դեմ ինքնաբացարկի միջնորդությունը մերժել: Դա նշանակում է, որ այս գործը շարունակելու է նա քննել:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, շենք-շինություններ զավթելու փորձի մեջ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ