Այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հրավիրած ասուլիսում ամփոփեց համահայկական ընդվզման օրվան նախապատրաստող մարզային այցելությունները:
Ըստ նրա, «Գրեթե բոլոր քաղաքներում ու գյուղերում նույն պատկերն էր՝ լքված գյուղեր ու քաղաքներ: Մարդիկ արտագաղթել էին, հիմնականում՝ ՌԴ: Կվերադառնան, թե ոչ՝ պարզ չէ: Աշխատանքի բացակայությունն էր հիմնական պատճառը, որ արտագաղթել են:
Հարցին՝ ի՞նչ եք պատրաստ անել, որ փոխենք այս քաղաքական իրավիճակը, հիմնականում պատասխանում էին, որ իհարկե, հույսները կտրել են, բայց ունեն սպասումներ: Եթե որեւիցե մի խումբ, անձ կարողանա կյանքի կոչել իրենց սպասելիքները, ուրախ կլինեն: Հարցին՝ արդյո՞ք դուք դառնալու եք առաջատար ձեր գյուղում, ձեր տեղում՝ նրանք մտածում էին»:
Երկրորդ փուլում, Փոստանջյանն ասաց, որ համացանցային քարոզարշավ են իրականացնելու՝ տեսաերիզների միջոցով. «Մենք գիտակցված քայլին ենք նախապատրաստում մեր հանրությանը: Մենք, որպես հասարակություն, քաջ չենք գիտակցում մեր քաղաքական իրավունքների բանեցման հարցը, այստեղ խնդիր ունենք: Երբ քաղաքացին ինչ-որ փոքր խնդրի համար կարողանում է բողոք ներկայացնել եւ ունենում է հաջողություն, քաղաքացին դառնում է ավելի ուժեղ: Մենք ասում ենք, որ դու պետք է քո հիմնական քաղաքական հայտը ներկայացնես, ոչ թե փոքր բողոք ներկայացնես, որ քո ժամանակը այդ փոքր բողոքի վրա չծախսես»:
Երրորդ փուլում լինելու է շրջագայություն՝ աշխարհասփյուռ հայ օջախներով: Փոստանջյանի խոսքով՝ այսօրվա գործող իշխանությունն, իր ձեռքում պահելով ուժային լծակները, հնարավորություն ունի մի խմբի, ճնշելու. «Մենք գտնում ենք, որ մեր պայքարը պետք է լինի ցանցային, բոլոր հայաշատ քաղաքներում պետք է լինեն ընդվզման գործընթացներ»:
Փոստանջյանը հայտարարել էր, որ ընդվզման համահայկական օրը լինելու է այս տարի, ընդ որում, ասել էր, որ օրը եւ ժամը հայտնի է, մոտ 2 ամիս ժամանակ է մնացել տարվա ավարտին եւ հարցին՝ կհաջողվի՞ այս երկու ամսվա ընթացքում պատրաստել մարդկանց ընդվզմանը՝ Փոստանջյանը պատասխանեց. «Հանրության գիտակցությունն այնքան կբարձրանա, որ կարող է նախապատրաստական այդ փուլը յուրացնել: Ընդվզումը պետք է ոչ միայն մեկ օրով լինի, այլ լինի շարունակական, մինչեւ ստեղծենք համակարգ, որը ծառայի մեր երկրին»: Ինչ վերաբերում է ընդվզման օրվան, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ այդ օրը պետք է որոշի հանրությունը, նա պետք է ժամադրի:
Հարցին՝ շրջելով մարզերով, ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է իշխանափոխություն անել՝ նա պատասխանեց, որ իշխանափոխությունը հիմք կունենա, եթե հանրությունը նոր քաղաքական մոդելի կրողը դառնա. «Իհարկե, տեսնում ենք, որ կա երիտասարդություն, նրանք այլ քաղաքական պահանջներ են հարուցում: Հենց այդ հանրությունն է, որ լինելու է առաջամարտիկն ու առաջատարը»:
Aravot.am-ի հարցին՝ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի բնակիչը ձեր ֆեյսբուքյան ուղիղ եթերում վստահեցրեց, որ «Սերժ Սարգսյանը կարգին տղա է, լավ էլ պահում է երկիրը, մարդ կա՝ մի տուն չի կարողանում պահել, իսկ Սերժ Սարգսյանը երկիր է պահում», շա՞տ են մարզերում այս տեսակետը կիսողները՝ Փոստանջյանը պատասխանեց. «Հատուկենտ են, դա էլ ինչու են այդպիսի հայտարարություններով հանդես գալիս, որովհետեւ մեզ հետեւում են մարզերում՝ ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ այնտեղի ԱԱԾ-ի աշխատակիցը: Մարդիկ իրար լավ են ճանաչում, երբ տեսնում էին նման մարդկանց, տեսախցիկի առջեւ փորձում էին հաճոյանալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ