Հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին օրենք»-ի նախագիծը չի կարդացել, բայց քննարկումներից եզրակացրել է, որ այդ օրենքը ոչ թե կանխարգելիչ է, այլ` պատժիչ: Հրապարակախոսի համոզմամբ, նախ` պետք է կրթական համակարգը ոտքից գլուխ փոխել, քանի որ այն «ապականված» է եւ դաստիարակությունը պետք է սկսել այդ ոլորտի մասնագետներից, իսկ օրենքի անհրաժեշտությունն ինքն իրեն կվերանա: Հրայր Ուլուբաբյանը գտնում է, որ առանց այդ էլ մեր ընտանիքները սոցիալական, հոգեբանական ծանր վիճակում են եւ օրենքի առկայությունը կնպաստի, որպեսզի ընտանիքը քայքայվի. «Ընտանիքում կարող են կատարվել այնպիսի հանցագործություններ, որոնք օրենսգրքով էլ պատժելի են: Մեր օրենսգիրքը բոլոր տեսակի հանցագործությունների համար սահմանում է պատժիչ միջոցներ: Բայց քանի որ Եվրամիությանն ինտեգրվելու խնդիր կա, նման օրենքի պահանջներ են դրվում»:
Մանրամասները` տեսանյութում
Իրավաբանական հոգեբան Արկադի Մեհրաբյանը կարծում է, երբ օրենքին նայում ենք անձի տեսանկյունից «շատ լավն» է, բայց, ըստ հոգեբանի, ընտանիքը թիմ է եւ այնպես չէ, որ թիմի յուրաքանչյուր անդամ ինչ ուզի` պիտի անի: Նրա խոսքով՝ օրենքում հստակեցված չեն օրինակ` որն է համարվելու հոգեբանական բռնություն. «Օրենքում նախատեսված է, որ եթե ինչ-որ մեկի նկատմամբ հոգեբանական հարկադրանք է կիրառվում, դա համարվում է պատժելի արարք: Բայց նույն դաստիարակությունն իրենից ենթադրում է հարկադրանք հոգեբանության տեսանկյունից, նույնիսկ մանիպուլյացիա: Օրենսդիրները պետք է փակագծեր բացեն` որն է համարվում պատժելի հարկադրանք: Ուրեմն երեխային պիտի չդաստիարակե՞ս: Կա նաեւ մեկ այլ անհասկանալի երեւույթ` անձին ազատ տեղաշարժի սահմանափակումը: Ի՞նչ է դա նշանակում. Եթե նրան կապելն է այդ ուրիշ բան, բայց եթե ընդամենը թույլ չտալը համարվում է սահմանափակում, որը նույնպես անիրականանալի է, քանի որ ես չեմ կարծում, որ ընտանիքում կինը կամ ամուսինը, այսպես ասած, խելքին փչի, որոշի այսինչ տեղը գնալ: Դա միանշանակ քայքայում է ընտանիքը, որովհետեւ ընտանիք ենթադրում է որոշակիորեն թիմ, որը ենթարկվում է որոշակի կանոնների, թե չէ, ամեն մեկն իր սուբյեկտիվ կարծիքն է արտահայտում, տեղաշարժվելու առանձին իրավունք ունի, թիմը կործանվում է»:
Արկադի Մեհրաբյանը գտնում է, որ եթե օրենքի հեղինակները փակագծերը չբացեն, հոգեբանական տեսանկյունից օրենքն անիրականանալի է:
Հարցին, թե ավելի շատ ի՞նչ խնդիրներով են դիմում, պարոն Մեհրաբյանը պատասխանեց` դիմում են իրավունքների ոտնահարման, ծեծ-ջարդի համար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ