Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) երեկ լիագումար նիստի ընթացքում անցկացվեց «Կատալոնիայի ճգնաժամի քաղաքական լուծման անհրաժեշտությունը» խորագրով քննարկում:
ԵԽԽՎ գերմանացի պատվիրակ Անդրեյ Հունկոն հայտարարեց, թե Կատալոնիայի ճգնաժամին անպայման անհրաժեշտ է քաղաքական լուծում տալ: Դառնալով Կատալոնիայում վերջին զարգացումներին՝ դիտորդական առաքելությամբ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում գտնված պարոն Հունկոն իր վրդովմունքը հայտնեց. «Ռետինե փամփուշտների կիրառումն ընդդեմ խաղաղ ցուցարարների անընդունելի է: Անընդունելի են նաև ոստիկանության ճնշումները նրանց նկատմամբ»:
Անդրեյ Հունկոն իր շնորհակալական խոսքը հղեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին Կատալոնիայում կատարված իրադարձությունների վերաբերյալ հետաքննություն անցկացնելու հարցը բարձրացնելու համար:
Պարոն Հունկոն, եզրափակելով իր ելույթը, վստահեցրեց, որ խնդիրը կարող է լուծվել միայն երկխոսության ճանապարհով, որը պետք է կայանա ոչ միայն քաղաքական հարթությունում, ալլև երկխոսություն լինի նաև քաղաքացիական հասարակության շրջանակներում:
ԵԽԽՎ պատվիրակների մեծամասնությունը դատապարտեց Կատալոնիայում ոստիկանների՝ քաղաքացիների և խաղաղ ցույցերի մասնակիցների նկատմամբ ճնշումների իրականացումը:
Բելգիացի պատվիրակ Հենրիկ Դիմսը հայտարարեց. «Ոստիկանության բռնությունները համահունչ չեն վեհաժողովի՝ խոսքի ազատության և ժողովրդավարության արժեքներին»:
Նիդեռլանդները ներկայացնող պատվիրակ Թինի Քոքսը, իր մտահոգությունը հայտնելով Կատալոնիայում կատարվածի վերաբերյալ, հայտարարեց, թե բռնությունը չի կարող որևէ հարցի լուծում լինել:
Իսկ ադրբեջանցի պատվիրակները զարգացնում էին այն թեզը, որ Կատալոնիայում ծագած խնդիրը պետք է լուծել Իսպանիայի տարածքային ամբողջականության շրջանակում: Գանիրա Փաշաևան հայտարարեց. «Ցավոք, Վեհաժողովում Կատալոնիայում տեղի ունեցածի վերաբերյալ քննարկումներում որոշ հայ պատվիրակներ փորձեցին դրանք օգտագործել իրենց անձնական շահերի համար՝ այդպիսով փորձելով արդարացնել իրենց կողմից Լեռային Ղարաբաղի շրջափակումը: Սա անթույլատրելի է, քանի որ այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, աղերսներ չունի Կատալոնիայում կատարվածի հետ»:
Ադրբեջանի պատվիրակության մեկ այլ անդամ Ռաֆայել Հուսեյնովը, հակասելով իր գործընկերոջը, զուգահեռներ տարավ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ՝ հավաստիացնելով, որ այն, ինչ այժմ կատարվում է Կատալոնիայում, իրենք տեսել են դեռ 30 տարի առաջ: Նա, հղում կատարելով 1980-ականներին, հայտարարեց, որ այդ ժամանակվա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն իր երկրի բնակչության բարձր կենսամակարդակով աչքի ընկող շրջաններից մեկն էր, ինչպես այժմ Կատալոնիան Իսպանիայի կազմում:
Իսպանիայի իշխանությունների կեցվածքը պաշտպանեց ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը: Նա հայտարարեց. «Այնպես, ինչպես արձագանքեց Իսպանիայի կառավարությունը, նույնպես կարձագանքեր ցանկացած ժողովրդավար անդամ պետություն: Իշխանությունները պաշտպանում էին եվրոպական արժեքները պոպուլիստ ազգայնականներից : Հենց այս պատճառով էլ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իսպանական ոստիկանությանը իրենց պրոֆեսիոնալիզմի համար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ