ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և հետախուզության հանձնաժողովի անդամ Ադամ Շիֆն աջակցում են Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի (ՀՄԿ) ծրագրերի վերականգնմանը, որը կարող է Հայաստանը վերածել տարածաշրջանի «Սիլիկոնային հովտի»: Այս մասին նրանք հայտարարել են Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի կազմակերպած խորհրդաժողովի շրջանակում:
Կոնգրեսականները, մասնավորապես, հայտարարել են, որ աջակցում են հանձնախմբի նախաձեռնությանը՝ ուղղված ՀՄԿ-ի կողմից Հայաստանին 100 մլն դոլարի կրթական դրամաշնորհի տրամադրմանը:
Էդ Ռոյսը նշել է, որ ՀՄԿ-ի ներդրումը կարող է մեծապես նպաստել Հայաստանի հետ առևտրային կապերի զարգացմանը:
Ադամ Շիֆն իր հերթին հիշեցրել է, որ 2006թ. տրամադրված շուրջ 200 մլն դոլարի օգնությունը զգալիորեն նպաստել է գյուղական զարգացմանը, իսկ նոր ներդրումը կնպաստի Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացմանը: «Ինչու՞ Հայաստանը չի կարող վերածվել Սիլիկոնային հովտի»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ