Financial Times հեղինակավոր պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել «Մեր հասարակությունը տղա երեխաներ է սիրում». Հայաստանի կորսված աղջիկները» խորագրով, որում անդրադառնում է սեռով պայմանավորված աբորտներին: Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.
Երբ Գանձակում իր երկու դուստրերի հետ ապրող «Օվսաննան», հղիացավ երրորդ անգամ, խորհրդակցեց տեղի մեծերից մեկի հետ, որը նայելով նրա փորի ձևին, որոշեց, որ աղջիկ է ունենալու: Հաջորդ քայլը որոշելիս նա չտատանվեց: Կասկածները ուլտրաձայնով հաստատելուց հետո որոշեց, որ պետք է ընդհատի հղիությունը: Դա առաջին անգամը չէր. նա արդեն մի քանի անգամ դիմել էր վիրահատական միջամտության, քանի որ ուզում էր որդի ունենալ:
Նա չի ցանկանում, որպեսզի իր լուսանկարը հրապարակվի կամ նշվի իրական անունը՝ վախենալով սոցիալական խարանից և իշխանությունների հետ խնդիրներից: Բայց իր հայացքները չի թաքցնում. «Ես նախընտրում եմ որդի ունենալ: Կանանց համար հնարավորությունները շատ սահմանափակ են: Մեր հասարակությունն ավելի շատ սիրում է տղաներին: Նրանք են շարունակում արյան գիծը: Նրանք են օջախը վառ պահում»:
Նրա պատմությունն արտացոլում է Հայաստանում տարածված պատկերը՝ արմատներ գցած ավանդույթների, խորհրդային ժառանգության և ժամանակակից տեխնոլոգիաների համադրությամբ: Արդյունքը երկրում նորածինների սեռերի հավասարակշռության խիստ խախտումն է, որն ազդում է ոչ միայն կանանց առողջությամբ, այլև ավելի լայն՝ երկրի ապագայի վրա: Սեռով պայմանավորված աբորտները կանխելու ջանքերն ուղղված են դեռահաս աղջիկների հաջորդ սերնդին՝ նախքան նրանք կկարողանան իրենք մայր դառնալ:
Սեռերի հավասարակշռության խախտումը երկար ժամանակ նկատվել է ասիական երկրներում, մասնավորապես Չինաստանում, Հնդկաստանում և Հարավային Կորեայում: Այս երկրներում դա սովորաբար արդյունք է աղջիկ երեխաներին մեծացնելու ծախսերի հետ. նրանց ամուսնացնելու համար անհրաժեշտ է մեծ բաժինք, հակառակ դեպքում նրանք մնում են ընտանիքից կախյալ վիճակում: Վերջին տարիներին, սակայն, ժողովրդագիրներին ցնցել է նման պատկերը Կովկասյան և Բալկանյան երկրներում:
Առանց մարդու միջամտության՝ ամբողջ աշխարհում յուրաքանչյուր նորածին 103-106 տղային բաժին է ընկնում 100 աղջիկ. բնությունը որոշակիորեն կարգավորում է այդ հավասարակշռությունը՝ հաշվի առնելով տղաների մանկական մահացության մեծ հավանականությունը: Այնուամենայնիվ, «տղա նախընտրող» հասարակություններում այս հարաբերակցությունը զգալիորեն խախտվում է: Այս տասնամյակի սկզբին Չինաստանում այդ ցուցանիշը դարձել էր 116 տղա՝ 100 աղջկա դիմաց: Նույնն է պատկերը Ադրբեջանում և Հայաստանում:
2000-ականների սկզբին Հայաստանում այդ ցուցանիշը գերազանցում էր 120/100 հարաբերակցությունը, իսկ այն զույգերի համար, ովքեր արդեն 3 աղջիկ ունեին, 4-րդ երեխայի հարաբերակցությունը հասել էր 177 տղա 100 աղջկա դիմաց: Գեղարքունիքի մարզում, որտեղ գտնվում է Գանձակը, 4-րդ երեխայի դեպքում տղաների թիվը գերազանցել է 200:
«Բոլորը տղա են ուզում»,- ասում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը, որն ուսումնասիրել է սեռերի անհավասարակշռությունը համայնքներում: Նրա խոսքով՝ մայրերը հոգու խորքում, միգուցե նախընտրում են աղջիկներ, բայց նրանք հասկանում են, որ տղաների համար ավելի լավ ապագա է սպասվում:
Ինչպես այլ երկրներում, որտեղ աղջիկ նորածինների թիվը քիչ է, Հայաստանում էլ հավատում են, որ տղաները կշարունակեն արյան գիծը և ընտանիքի ազգանունը: Կրտսեր որդին նաև, որպես կանոն, ժառանգում է ընտանեկան գույքը և ունեցվածքը և պատասխանատու է ծնողների խնամքի համար: Աղջիկները, ընդհակառակը, հակված են թողնել ընտանիքը, երբ ամուսնանում են, միանալ ամուսնու ընտանիքին. ավանդույթ, որը տարածված է նաև Ասիայի հարավում:
Կնոջ ցածր կարգավիճակն արտացոլվում է նրանց ամենօրյա կյանքում: Հայերենում անգամ «տղա» բառը ասոցացվում է լավ լուրի կամ հաջողության հետ: Նորածին աղջկա ծնողներին հարազատները և հիվանդանոցի անձնակազմի անդամները մխիթարում են՝ «Չմտածեք, հաջորդը տղա կլինի» արտահայտությամբ:
Տղա ունենալու ավանդական մեթոդներից է հղիանալու օպտիմալ օրերը «հաշվելը» կամ սեռական ակտից հետո ձախ կողմում պառկելը: Երկար բանահյուսություն կա, թե ինչպես որոշել չծնված երեխայի սեռը՝ սկսած սուրճի բաժակ նայելուց, մինչև այն, որ եթե կինը հղիության ընթացքում ավելի է գեղեցկանում, ուրեմն տղա է ծնվելու: Կան նաև ավելի մութ ավանդույթներ, որոնք վերաբերում են տնային պայմաններում աղջիկ երեխաներից ազատվելուն, մասնավորապես, բարձրությունից ցատկել կամ պղպեղով օղի խմել:
Խնդիրը համեմատաբար նոր է: Անցյալում տղա ունենալու ամենապարզ ձևն էր՝ այնքան երեխա ունենալ, մինչև որ տղա ծնվի: Հայաստանը խորհրդային տարիներին ունեցել է ամենաբարձր ծնելիության մակարդակը՝ 1960-ականներին յուրաքանչյուր մոր բաժին էր ընկնում 4 երեխա:
Այդ պատկերը, սակայն փոխվեց 20-րդ դարի վերջում՝ ԽՍՀՄ փլուզումից հետո: Հայաստանը որոշակի դժվարությունների միջով է անցել 1988թ. կործանիչ երկրաշարժից հետո, որը համընկավ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության սկզբի և տնտեսական անկման հետ: Եթե ծնելիությունը 1990թ. կազմում էր մեկ մորը 2.6 երեխա, ապա 2002թ. այդ ցուցանիշը 1.2 էր: Հանկարծ սկսեցին առաջին երեխայի սեռին ավելի մեծ նշանակություն տալ: Միաժամանակ, ուլտրաձայնային սարքավորումների հասանելիությունը նշանակում էր, որ չծնված երեխայի սեռը կարելի է ավելի վստահ իմանալ:
Հղիության արհեստական ընդհատումը շտապ միջոց էր, եթե ուլտրաձայնային կանխատեսումն աղջիկ էր: Խորհրդային Միությունը առաջին երկիրն էր, որը դեռ 1920թ. օրինականացրել է այդ մեթոդը՝ դա դնելով ընտանիքի պլանավորման հիմքում: Ու չնայած Հայ առաքելական եկեղեցին դեմ է դրան, եկեղեցու ազդեցությունը նվազեցվել է կոմունիզմի ժամանակ կրոնի վրա խիստ վերահսկողությամբ: Չնայած առողջության և պտղաբերության ռիսկերին՝ հղիության արհեստական ընդհատման մակարդակը շատ բարձր էր:
1990-ականների սկզբին հնդիկ տնտեսագետ Ամարտիա Սենը մտահոգություն հայտնեց հատկապես Ասիայում «կորսված կանանց» հարցի շուրջ: Սեռերի խախտված հարաբերակցության շուրջ քննարկումները շարունակվում են Հնդկաստանում և Չինաստանում. բռնության աճ, հարսնացու առևանգել, սեքս ստրկություն և սոցիալական լարվածության աճ, քանի որ թվով քիչ տղամարդիկ պայքարում են կին գտնելու համար:
Հայաստանում և իր հարևան հետխորհրդային երկրներում՝ ուղղափառ քրիստոնյա Վրաստանում և մուսուլմանական Ադրբեջանում, խնդրի գոյության գիտակցումը և դրա դեմ պայքարը շատ դանդաղ է ընթանում: Պատճառներից մեկն այն է, որ շատ հետևանքներ դեռ չեն զգացվում: Առաջին սերունդը, որն իր վրա այդ ազդեցությունը պետք է զգա, 1990-ականներին ծնվածներն են, որոնք նոր միայն հասնում են ամուսնական տարիքի:
Շարունակվող մռայլ տնտեսական հեռանկարները հանգեցրել են Հայաստանում տղամարդկանց՝ մեծ չափերի հասնող արտագաղթի, հիմնականում նրանք մեկնում են Ռուսաստան՝ աշխատանք փնտրելու: Շատ երիտասարդներ էլ երկրից հեռանում են՝ զորակոչից խուսափելու համար:
«Սկզբում բոլորն ասում էին, որ դա գոյություն չունեցող խնդիր է»,- ասում է ՄԱԿ-ի ժողովրդագրական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Բայց նա մանրամասն հետազոտություն է անցկացրել և բարձրաձայնել խնդրի մասին՝ տարեկան ավելի քան 100 հարցազրույց տալով տեղի լրագրողներին՝ իրազեկությունը բարձրացնելու նպատակով:
Հայերի համար ամենածանրակշիռ փաստարկը թերևս այն է, որ սեռերի հավասարակշռության խախտումն ազդում է ազգային անվտանգության վրա: Մի երկիր, որն անցել է ներխուժումների և հակամարտությունների միջով՝ սկսած 1915թ. ցեղասպանությունից մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, զինվորներ մատակարարելու խնդիրը լուրջ մտահոգություն է: «Քիչ աղջիկներ նշանակում է նաև քիչ տղաներ, իսկ անվտանգությունը առաջնահերթություն է,- ասում է Մարդու զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Վահան Ասատրյանը:- Եթե դու զինվոր ես ուզում, քեզ պետք են մայրեր»:
Նա նշում է, որ կա նաև ընդհանուր դեմոգրաֆիական խնդիր: 1990-ականներից ի վեր 35 000 այսպես կոչված «կորսված մայրերի» պակասը նշանակում է, որ ծնելիության մակարդակը կշարունակի նվազել: «Հայաստանը փոքր երկիր է: Եթե դու ուզում ես այն կայուն պահել, սեռի ընտրության կրճատման փաստարկը պարտադիր է»,- ասում է նա:
Սեռի ընտրությունը հավասարակշռելու ջանքեր գործադրվել են: Խնդիրը կարևորվել է Եվրախորհրդի, ինչպես նաև Եվրամիության կողմից, որը ֆինանսավորում է տրամադրում տարածաշրջանում իրազեկվածությունը բարձրացնող ծրագրերին՝ հատուկ շեշտադրություն անելով Հայաստանի վրա:
2016թ. Հայաստանի խորհրդարանն ընդունեց օրենք, որն արդյունավետորեն կրճատում է սեռով պայմանավորված աբորտների թիվը: Իշխանությունները նաև ուժեղացրել են հսկողությունը հղիությունն արհեստականորեն ընդհատող «միսոպրոստալ» դեղամիջոցի նկատմամբ, որն այժմ հասանելի է միայն դեղատոմսով:
Արտագաղթը նույնպես ստիպում է ընտանիքներին փոխել իրենց հայացքները կանանց նկատմամբ: Այն բանից հետո, երբ 1990-ականներին միլիոնավոր տղամարդիկ լքեցին Հայաստանը, կանայք սկսում են ստանձնել ծեր ծնողներին խնամելու դերը, որն ավանդաբար պատկանում էր տղամարդկանց: «Քիչ առաջ ես տեսա մի կնոջ, որի տղաները եկել էին՝ կազմակերպելու իրենց հոր հուղարկավորությունը,- ասում է Երևանից ոչ հեռու գտնվող Լուսառատ գյուղի բժիշկ Էլմիրա Մարտիրոսյանը:- Բայց նրանք այժմ ապրում են Վարշավայում, և մորը խնամքը ստանձնելու համար վերադարձել է ընտանիքի դուստրը»:
Սա կարծես թե որոշակի ազդեցություն է ունենում: Վերջին տվյալները ցույց են տալիս, որ նորածինների սեռերի անհավասարակշռությունը 2017թ. առաջին կեսին կտրուկ նվազել է՝ 111 տղա՝ 100 աղջկա դիմաց: Այնուամենայնիվ, տղաների նախապատվություն տալու վերաբերմունքը չի փոխվել: Վտանգ կա, որ ամեն ինչ կարող է շրջվել դեպի հին վատ օրերը, երբ ժամանակակից բժշկական տեխնոլոգիաները, ինչպիսին է արտամարմնային բեղմնավորումը, նոր ճանապարհ կարող են հարթել երեխայի սեռի ընտրության համար:
Ըստ հարցումների՝ հայ կանայք շարունակաբար տղամարդկանց համեմատ ավելի քիչ են նախապատվություն տալիս տղաներին: Արտագաղթի բարձր մակարդակ ունեցող գյուղերում որոշ կանայք ասում են, որ կուզեին տղա ունենալ՝ վստահ լինելու, որ իրենց ամուսինները տուն կվերադառնան: Մյուսներն ասում են, որ իրենց սպառնացել են բաժանվել, ուստի իրենք ընդհատել են հղիությունը, երբ իմացել են, որ աղջիկ են ունենալու:
Հայաստանի հյուսիսային Գյումրի քաղաքում 20 երիտասարդներից բաղկացած մի խումբ մասնակցում է World Vision-ի կազմակերպած գենդերային նախասիրությունների դեմ պայքարի դասընթացին: Ծրագրի ղեկավար Մարիամ Գրիգորյանն ասում է. «Տղամարդիկ ասում են, որ իրենք ուզում են աղջիկ ունենալ, բայց թող առաջինը տղա լինի»: Նա, սակայն, սկսել է վերաբերմունքի մեջ որոշակի փոփոխություն նկատել, օրինակ մի երիտասարդ զույգ զղջում է, որ ազատվել է աղջիկ երեխայից:
«Այստեղ հավասարություն չկա,- ասում է դասընթացի մասնակիցներից Էմմա Մկրտչյանը: – Սեռով պայմանավորված աբորտները լուրջ խնդիր է: Մենք դա հասկանում ենք, բայց հիմնական խնդիրն այն է, որ շատ մարդիկ, ովքեր հավատում են դրան, անգամ չեն ցանկանում գալ այստեղ և քննարկել դա»:
Ազգագրագետ Ծատուրյանը անգամ ցնցվում է «կորսված մայրեր» արտահայտությունն օգտագործելիս՝ նշելով, որ կանանց դերակատարությունը խիստ կրճատված է: «Մենք պետք է սկսենք քննարկել տղամարդկանց պատասխանատվությունը,- ասում է նա:- Ամենամեծ գործոնները, որոնք խոչընդոտում են մեր պայծառ ապագային, արտագաղթն է, պատերազմը և աղքատությունը: Մենք չենք թիրախավորում իրական պատճառները»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ