Պետության ընթացքի մեջ լինում են պահեր, երբ տարբեր բարենպաստ հանգամանքներ զուգորդվում են` նույնիսկ անկախ նրա հասարակության կամ երկրի ղեկավարության ուզել-չուզելուց եւ տրամադրություններից: Դրանք հպանցիկ պահեր են, ու պետություններից նա կարող է հաջողել իր խնդիրների գոնե հանգրվանային լուծման մեջ, որը պատրաստ է հպանցիկ պահերն օգտագործել:
Հիմա, երբ ներքին քաղաքական գործընթացներում ամեն ինչ մի քանի ամսով պահածոյացված է` Հայաստանի ղեկավարության մոտակա փոփոխության ֆոնին ներսից բավական հանդարտ իրադրություն են ստացել երկրի ղեկավարությանն ապագա հավակնողները: Արտաքին քաղաքական ֆոնն էլ մի պահ, գոնե միայն մի պահ նպաստավոր է` գուցե մեզանից անկախ պատճառներով. Ադրբեջանին ԵԽԽՎ-ում ցույց են տալիս նրա տեղը, Ադրբեջանին սիրելի Ագրամունտը հեռանում է, ԵԽԽՎ նախագահ է ընտրվում կիպրոսցի` Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ լվացքատնային սիրով չկապված պատվիրակ (եթե չասենք` հակառակը), տապալվում են UNESCO-ի տնօրեն դառնալու Բյուլբյուլօղլուի հավակնությունները: Եվրոպայում մի պահ իր գործունեությանը համարժեք գնահատական ստացած-բարդույթավորված Ադրբեջանը նաեւ ռուսական ուղղությամբ է ինչ-որ բացասական ազդակներ ստանում, նրան ռուսական տիրույթներից հասկացնում են, որ ԵՏՄ անդամակցության խնդրում Հայաստանի կարծիքը (վետոյի իրավունքը) էական կլինի, մեր ԱԳ փոխնախարարն էլ ավելացնում է, որ հարեւանին շրջափակող երկրի համար անգամ դիտորդի կարգավիճակի մասին խոսք չի գնացել, ուր մնաց ԵՏՄ անդամակցության:
Ադրբեջանը նաեւ ներքին սրված խնդիրներ ունի, այնպես որ հավանաբար մի քանի ուղղությամբ գլուխը խառն Ալիեւը հազիվ կարողանում է մեզ համար պրոբլեմներ ստեղծել` սահմանին հայ զինվոր սպանելով ու այդպես արձագանքելով իր ապակառուցողական հայտարարություններին հայկական կողմի կոշտ արձագանքին, այսպիսով կասկածի տակ դնելով ոչ միայն երկու երկրների նախագահների` կանխատեսվող հանդիպումը, այլեւ արցախյան կարգավորման բանակցությունների վերականգնման մոտակա հնարավորությունն ընդհանրապես: Շավարշ Քոչարյանը երեկ ասել է, չէ՞, խոսքն այժմ միայն ու միայն վստահության մեխանիզմների վերականգնման մասին է, դրանից հետո նոր խոսք կգնա բանակցությունների վերականգնման մասին: Այնպես որ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե ղարաբաղյան բանակցությունը վերսկսվում է առանց որեւէ նախապայմանի, հենց իր դարպասին ինքնագոլ էր, ու Ալիեւն էլ մի լավ լվացվե՛ց եւ Հայաստանի նախագահի գրասենյակի պատասխանով, հա՛մ միջազգային հնչեղության իր խայտառակություններով:
Արցախի հարցի հետ կապված վերջին զարգացումները հուշում են, որ Արցախի հարցի բանակցությունները դեռ երկար իմիտացիայի տեսք կունենան: Խիստ հարցական է նաեւ, ու հենց խճողված Ալիեւի պատճառով, թե կհանդիպե՞ն արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: Ու դա էլ տեւական մի ժամանակ է պարգեւելու Հայաստանին` խելացի լինելու դեպքում նախ իր խնդիրները լուծելու:
Այս ֆոնին Սոչիում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանի նախագահը բավական տողատակային ելույթ է ունենում, համարյա նույն ժամանակի մեջ էլ կայանում է Հայաստանի վարչապետի իրանյան այցը, զինվորական ծառայության որակը փոխելուն ձեռք զարկած Վիգեն Սարգսյանը խորհրդարանական լսումներում խոսում է բավական հեռահար իր մեծածավալ ծրագրերի մասին, որոնք մեծ հաշվով նաեւ Հայաստանի պաշտպանունակությանն են վերաբերում (այստեղ թերեւս ավելորդ չէ հիշեցնել, թե ով է զորքերի Գերագույն գլխավոր հրամանատարը նոր խորհրդարանական մոդելով` տողատակերի դուռը բաց թողնելով):
Ակամա նկատելի է , որ մրցակցային հարթությունը միգուցե մի պահ ազատ է թողնված զանազան ճնշող ազդակներից, տեսնելու համար, թե ով ավելի ճկուն կդրսեւորի իրեն` եկող տարի ղեկավար դառնալու տեսակետից: Մինչդեռ եթե պետության շահի , այլ ոչ թե անձերի տեսանկյունից դիտարկվի` մի պահ, մի կարճ պահ Հայաստանին բարենպաստ ժամանակ է բաժին ընկել` գործերը գոնե մասամբ կարգավորելու: Իսկ դրա համար նրա ղեկավարները պետք է ոչ թե ներքին մրցակցային գործոնը շարժառիթ դարձնեն իրենց գործողություններում, այլ համադրեն ջանքերը:
Արտաքին քաղաքական դաշտում հաջող խաղն ու ներքին վիճակի ու նախ եւ առաջ` տնտեսության բարելավումը կարող են ամնիստիայի արժանացնել հասարակության լայն համակրանքին այդպես էլ չարժանացած մեր ղեկավարներին:
Դատեք ինքներդ` համադրվա՞ծ են ջանքերը, թե՞ մրցակցությունն է առաջնային:
Սոչիում, ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը վերլուծական շրջանակը գնահատել էր որպես ավելի նախաձեռնողական. սա կարող է եւ թույլատրված նախաձեռնողականություն լինել` արտաԵՏՄ-ական ազդակների ազդեցությամբ` իրանական, չինական եւ մեկ-երկու այլ ուղղություններով Հայաստանի փոխշահավետ գործակցության հնարավորությամբ պայմանավորված եւ ռուսական ու հայկական շահերը ԵՏՄ անդամ այլ երկրների շահերին հավասարակշռելու համատեքստում: Հայտնի է` ԵՏՄ անդամ պետություններից առնվազն երեքի սրտով կարող են չլինել Հայաստանի չինական եւ իրանական վերջին բանակցությունները, որոնք մեր երկրի համար բավական լայն պատուհան կարող են բացել, որտեղից տնտեսական օդը կարող է թարմանալ: Դե` իսկ փոքրիկ Հայաստանին ավելի բարենպաստ տնտեսական վիճակում եւ որոշումների կայացման գործոնի դիրքից տեսնելը ԵՏՄ-ում գտնվող, բայց մեզ ոչ դաշնակից պետությունների հետ շահեր ունեցող ԵՏՄ անդամների առումով իսկապես նոր ու ավելի բալանսավորված մոտեցումների անհրաժեշտություն են հուշում` ամենատարբեր ներքին եւ արտաքին շարժառիթներով: Աշխարհն ու տարածաշրջանը փոխվում են` նոր խնդիրների հրամայականով, իսկ բարենպաստ պահը կարող է ամեն վայրկյան Հայաստանին հնարավորություններ ընձեռել, կարծում եմ Սոչիի այս ելույթի տողատակերից դա զգացվում էր:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում