Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր եղջերավոր անասունների արտահանումը կտրուկ ավելացել է. «Հայոց Աշխարհ»

Հոկտեմբեր 13,2017 12:39

Խոշոր եղջերավոր անասունների արտահանումը Հայաստանից այս տարի մի քանի անգամ ավելացել է։ Թե դա որքանո՞վ է նպաստել վերջին շրջանում արձանագրվող մսամթերքի թանկացմանը, կան տարբեր մեկնաբանություններ։ Փաստն այն է, որ ներքին շուկայում գների բարձրացումը տեղի է ունենում արտահանման ծավալների ավելացման պայմաններում։

Պաշտոնական տվյալներով, ինը ամսում Հայաստանից դուրս է տարվել ավելի քան 13 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Մինչ այդ, նման ակտիվություն երբեւէ չէր արձանագրվել։

Հայաստանից խոշոր եղջերավոր անասունների արտահանում իրականացվել է նաեւ նախկինում։ Սակայն մատակարարումը դարձավ զանգվածային երեք տարի առաջ։ Եթե մինչ այդ տարեկան արտահանվում էր մի քանի տասնյակ կամ հարյուր գլուխ եղջերավոր անասուն, ապա արդեն 2015թ. այն գերազանցեց 3,1 հազարը։ Հաջորդ տարի արտահանման ծավալները կիսով չափ կրճատվեցին՝ կազմելով 1,5 հազար գլուխ։
Իսկ մեկ տարի անց վիճակը կտրուկ փոխվեց։ Այս տարվա ինը ամիսներին գրեթե 9 անգամ ավելի շատ խոշոր եղջերավոր անասուն է արտահանվել Հայաստանից, քան նախորդ ամբողջ տարվա ընթացքում։

Ի տարբերություն ոչխարի մսի, տավարի մսի մատակարարման հիմնական շուկան նախորդ երկու տարիներին եղել է Իրաքը։ 2015թ. դուրս տարված 3,1 հազարից 2,9 հազար գլուխը մատակարարվել է այդ երկիր։ Միտումը պահպանվել է նաեւ 2016թ.՝ 1,5 հազարից 1,4 հազարը արտահանվել է իրաքյան շուկա։
Մատակարարման աշխարհագրությունն այս տարի որոշակի փոփոխության է ենթարկվել։ Իրաքից բացի, խոշոր եղջերավոր անասուններ են առաքվել նաեւ Քուվեյթ եւ Կատար։ Իհարկե դա եղել է հիմնականում տարվա երկրորդ կեսին։ Առաջին կիսամյակում խոշոր եղջերավոր անասունների մատակարարման հիմնական շուկան շարունակել է մնալ Իրաքը՝ 6,9 հազարից 6,7 հազարը առաքվել է այստեղ։

Անասնագլխաքանակի արտահանումն ակտիվացել է հատկապես տարվա երկրորդ կեսին։ Երրորդ եռամսյակում Հայաստանից դուրս է տարվել գրեթե 6,5 հազար խոշոր եղջերավոր անասուն։

Ակնհայտ է, որ այդ ժամանակահատվածում արտահանման ծավալները կտրուկ ավելացել են։ Դա անշուշտ կարող էր բացասական հետեւանք ունենալ տավարի մսի ներքին գների վրա։ Պատահական չէ, որ մսամթերքի շուկայում վերջին շրջանում արձանագրված թանկացումները, այլ գործոնների թվում՝ պայմանավորված են նաեւ արտահանման ավելացմամբ։

Արտահանման ակտիվացման պատճառով մսամթերքի հայաստանյան շուկայում գների կտրուկ դրսեւորումներն ամենեւին էլ նորություն չեն։ Ժամանակին սպառողները նման երեւույթի բախվեցին մանր եղջերավոր անասունների մեծաքանակ առաքումների հետեւանքով։ Նման վիճակ առաջացավ հատկապես 7-8 տարի առաջ։ 2009թ. Հայաստանից դուրս մատակարարվեց 142 հազար մանր եղջերավոր անասուն։ Հաջորդ տարի արտահանումը գերազանցեց 135 հազարը։

Պատկերացնելու համար, թե ինչպիսին էր վիճակը մինչ այդ, նշենք, որ 2008թ. Հայաստանից դուրս էր տարվել ընդամենը 9,4 հազար գլուխ ոչխար։ Արտահանման կտրուկ ավելացման հետեւանքով ոչխարի մսի գինը Հայաստանում գրեթե կրկնապատկվեց՝ հատելով 4 հազար դրամի սահմանը։

Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031