Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական նիստում լրացավ նաեւ ամբաստանյալներից Ժիրայր Սեֆիլյանի սանկցիայի ժամկետը, եւ նա բերվեց դատարան: Հիշեցնենք, որ նախորդ նիստերից մեկում դատավորի հանդեպ անհարգալից վերաբերմունքի, այն է՝ դատավորի գալուն պես ոտքի չկանգնելու եւ տեղից խոսելու համար Սեֆիլյանը որոշակի ժամանակահատվածով հեռացվել էր նիստերի դահլիճից:
Ներկայացավ նաեւ նախաքննության ընթացքում Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Հիշեցնենք՝ նա չէր ներկայանում նիստերին, քանի դեռ Սեֆիլյանը հեռացված էր նիստերից: Հայրապետյանը ներգրավվեց որպես Սեֆիլյանի շահերի պաշտպան, իսկ Մարինե Թովմասյանի լիազորությունները որպես Սեֆիլյանի հանրային պաշտպան՝ դադարեցվեցին:
Տիգրան Հայրապետյանը Ժիրայր Սեֆիլյանի անունից հայտարարություն ընթերցեց. «Ձեր (նկատի ունի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին) անօրինական գործողությունների պատճառով իմ պաշտպաններ Արա Զաքարյանը եւ Տիգրան Հայրապետյանը չեն կարողանում մասնակցել նիստերին: Ես մամուլից եմ իմանում, որ դուք վաղուց սկսել եք վկաների հարցաքննությունը՝ իմ բացակայությամբ: Դուք հնարավորություն չեք տալիս ինձ մասնակցել դատավարությանը՝ անօրինական դատական սանկցիաներ կիրառելով իմ հանդեպ: Արգելում եմ պաշտպաններիս իմ բացակայության պայմաններում մասնակցել դատավարությանը»:
Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը նկատեց, որ Սեֆիլյանն ինքն է իր դիտավորյալ գործողություններով իրեն զրկել նիստերին մասնակցելու հնարավորությունից:
Ինչ վերաբերում է Մարինե Թովմասյանին, Սեֆիլյանի խոսքով. «Ես նրան չեմ հանդիպել, չեմ վստահում, նա իմ շահերին հակառակ է հանդես գալիս»:
Մարինե Թովմասյանն իր հերթին հավելեց, որ մշտապես փորձել է իր գործողություններով ապահովել Սեֆիլյանի շահերի պաշտպանությունը: Մարինե Թովմասյանն, այսպիսով, հեռացավ նիստերի դահլիճից: Հիշեցնենք՝ Թովմասյանին Սեֆիլյանի աջակիցները մեղադրում էին ի օգուտ իշխանություններին գործելու մեջ:
«Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, շենք-շինություններ զավթելու փորձի մեջ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ