Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական նիստն է: Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, շենք-շինություններ զավթելու փորձի մեջ:
Նիստերի դահլիճ են բերվում ամբաստանյալներից Հովհաննես Պետրոսյանը, Հրայր Թոփչյանը, Գալուստ Գրիգորյանը եւ Ներսես Պողոսյանը: Ժիրայր Սեֆիլյանը դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի՝ դատավորի գալուն պես ոտքի չկանգնելու եւ տեղից խոսելու համար սանկցիայի է ենթարկված եւ որոշակի ժամանակով հեռացված նիստերից: Այս նիստում լրացավ ամբաստանյալներից Գեւորգ Սաֆարյանի սանկցիայի ժամկետը, ու նա բերվեց դատարան:
Սաֆարյանը հայտարարեց, որ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը սահմանափակում է իր իրավունքները, քանի որ իր պաշտպան Տիգրան Եգորյանը ներկա չէ: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն ամբաստանյալին հիշեցրեց, որ նա ունի պարտավորություններ եւ պետք է հարգի նախագահող դատավորին, ուստի իրեն պետք է դիմել կանգնած: Գեւորգ Սաֆարյանը մի քանի անգամ նախազգուշացվելուց հետո շարունակեց դատավորին նստած դիմել:
«Դուք պարտավոր եք ենթարկվել օրենքին եւ հրավիրել իմ պաշտպան Տիգրան Եգորյանին: Եթե նրան չեք կանչելու, ինձ էլ մի կանչեք»,-առարկեց Սաֆարյանը: Տաթեւիկ Գրիգորյանն էլ նշեց, որ նստած արված հայտարարությունները չի կարող հիմք ընդունել, եւ Սաֆարյանին ենթարկեց սանկցիայի՝ նիստերի դահլիճից հեռացնելով 4 ժամով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ