Վիգեն Սարգսյանը ցանկանում է զորակոչի տարիքի հասած բոլոր ուսանողներին զորակոչել բանակ։ Սա չափազանց լուրջ խնդիր է, որն իր սուր ծայրով հարվածում է հանրապետության գիտակրթական համակարգին։ Առանց այն էլ Հայաստանում երիտասարդ գիտնականներ քիչ կան, իսկ այս օրինագծի կյանքի կոչվելուց հետո երիտասարդ հետազոտողների թիվը էլ ավելի կկրճատվի։
Վիգեն Սարգսյանը իր ոլորտի լավագույն մասնագետներից մեկն է, նա կարողացել է փայլուն կարիերա ստեղծել եւ հասնել մինչեւ պաշտպանության նախարարի պաշտոնին։ Տեսնես Վիգեն Սարգսյանն ինքն իրեն տվե՞լ է այն հարցը, թե արդյոք կկարողանա՞ր ժամանակին ստանալ այն նույն մասնագիտական գիտելիքները, եթե ուսումնառությունը դեռ չավարտած զորակոչվեր բանակ։ Իհարկե դժվար է այս հարցին պատասխանել, բայց ամենայն հավանականությամբ՝ ոչ, քանի որ բանակից հետո երիտասարդներին կրթությունն ու գիտությունը որպես կանոն այլեւս չի հետաքրքրում, կորում է երբեմնի խանդավառությունը ու նրանք արդեն իսկ սկսում են մտածել ընտանիք կազմելու, աշխատելու եւ այդ ընտանիքի կարիքները հոգալու մասին։
Իհարկե, կան բացառություններ, առհասարակ բացառություններ ամեն տեղ կան, բայց գրեթե ճնշող մեծամասնությամբ իրականություն է դառնում այն սցենարը, որը վերեւում նկարագրեցինք։
Այս ամենը բոլորից լավ հասկանում է նաեւ Վիգեն Սարգսյանը, նա գիտակցում է, որ հակացուցված է կրթության հաշվին բանակի հարց լուծել, քանզի առաջինը ոչ պակաս ռազմավարական ոլորտ է, քան երկրորդը։ Ապա ո՞րն է խնդիրը, ո՞րն է նման օրինագիծ առաջադրելու իրական շարժառիթը։ Սխալվելու չնչին հավանականությամբ նախարարը ստիպված է գնում այդ քայլին, նա ստիպված ռազմավարական ոլորտներից մեկը զոհաբերում է հանուն մյուսի, քանի որ բանակում անլուծելի խնդիրներ կան։
Կարպիս ՓԱՇՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում