Հարցազրույց պարենային իրավունքի փորձագետ ԴԱՎԻԹ ՊԻՊՈՅԱՆԻ հետ
–Օրերս գյուղատնտեսության նախարարը, անդրադառնալով Մասիսում գյուղացիների կողմից հողատարածքները կոյուղաջրերով ոռոգելու փաստին, հայտարարեց, թե նման պրակտիկա կա նաեւ Հայաստանի այլ գյուղերում: Ստացվում է՝ նախարարը քաջատեղյակ է խնդրին եւ որեւէ քայլ չի ձեռնարկում այդ արատավոր երեւույթը վերացնելու ուղղությամբ։
-Նման հայտարարություններ կարող են գիտական, հասարակական ոլորտի ներկայացուցիչները, զանգվածային լրատվամիջոցներն անել՝ խնդիրը որպես ահազանգ հնչեցնելով: Մինչդեռ երբ ոլորտում վերահսկման լծակներ ունեցող պաշտոնյաներն ու պատասխանատուներն են նման հայտարարություններ անում՝ ակնարկելով, թե իրենք խնդրից տեղյակ են, սակայն ոչինչ չեն ձեռնարկում լուծելու համար, դա արդեն հուշում է, որ մարդիկ իրենց տեղում չեն:
–Քիչ թե շատ որեւէ գրագետ մարդ գիտի, որ կոյուղաջրերը բազմաթիվ վարակների աղբյուր են, եւ եթե դրանցով բանջարեղենը ջրես, ապա վարակները դրանց միջոցով կարող են անցնել մարդու օրգանիզմ:
-Եվ ոչ միայն վարակները: Կոյուղաջրերով ոռոգումը նաեւ պարազիտային հիվանդությունների տարածմանն է նպաստում, քանի որ բանջարեղենը կարող է պարունակել ոչ միայն մանրէներ, այլեւ մակաբույծների ձվիկներ, ցիստեր: Իսկ մակաբույծները հիմնականում հենց այդ ճանապարհով էլ տարածվում են ու անցնում մարդու օրգանիզմ: Պատահական չէ, որ մակաբուծային հիվանդությունները Հայաստանում զգալի տարածում ունեն:
Փաստորեն ապրում ենք մի երկրում, որտեղ կա հանքալեռնային շրջաններում աճեցված պտուղ-բանջարեղեն, թունաքիմիկատների կիրառումը միշտ չէ, որ պետական վերահսկողության է ենթարկվում, եւ հաճախ չարաշահվում է դրանց չափը, այգիները ոռոգվում են կոյուղաջրերով: Նման պայմաններում արժե խոսել պարենային անվտանգության մասին:
Իսկ խնդիրը նոր չէ, բավական հին է, եւ այս ընթացքում այդպես էլ ո՛չ նախկին, ո՛չ էլ ներկայիս կառավարությունը քայլեր չի իրականացրել պատշաճ մակարդակի գյուղատնտեսական ոլորտ ունենալու համար:
Մինչդեռ դեռ 2011թ. սկսած, երբ տնտեսության ոլորտի օրենսդրությունը համապատասխանեցվում էր Եվրամիության տնտեսական ոլորտի օրենսդրության հետ, մեր մասնագետների, արտասահմանյան մեր գործընկերների կողմից կարեւորվում էր պատշաճ գյուղատնտեսական պրակտիկաների կիրառումը՝ ե՛ւ առաջնային արտադրությունում՝ թարմ պտուղ-բանջարեղենի արտադրության ոլորտում, ե՛ւ վերամշակման ոլորտում, որի դեպքում կոյուղաջրերով ոռոգելու, չափից ավելի շատ պարարտանյութերով հողը պարարտացնելու փորձերը կբացառվեին:
Ինձ համար, որպես ոլորտային մասնագետի, ցավալի է որ միայն խոսում ենք խնդիրների մասին, բայց երբ պետական մարմիններին ներկայացնում ենք իրատեսական գաղափարներ, առաջարկություններ, պատրաստի ծրագրեր, նրանք զլանում են դրանք կյանքի կոչել: Դրա հետեւանքով ունենք այն, ինչ ունենք:
–Ձեր կարծիքով՝ ի՞նչն է նրանց խանգարում, գուցե ֆինանսական պաշարների բացակայությո՞ւնը:
-Չեմ կարծում, քանի որ մեր առաջարկությունները, ծրագրերը իրենք իրենցով ներդրումներ կապահովեն: Այսինքն՝ դրանք նաեւ շահավետ են մեր պետության համար եւ կնպաստեն տնտեսության զարգացմանը:
Մի օրինակ բերեմ: 2010թ., երբ ընդունեցինք սննդամթերքի անվտանգության կարողությունների զարգացման Իտալիայի հանձնախմբին, նրանք Հայաստանում չէին կարողանում գինի խմել՝ այնքան, որ վատն էր մեր գինին՝ մեծ քանակությամբ շաքար էր պարունակում, կաթնաթթվային խմորումներ կային եւ այլն: Բայց այս տարի, մասնակցելով Արենիի փառատոնին, նրանք հիացած էին մասնավորապես Արցախի գինիներով, նաեւ հայաստանյան մի շարք ընկերությունների արտադրանքով: Վերադառնալիս էլ մի քանի շիշ գինի իրենց հետ տարան:
Թագուհի Ասլանյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում