Հոկտեմբերի 11-ին Մոսկվայի «Ռոլան» կինոթատրոնում տեղի ունեցավ Մեծ եղեռնի 100–ամյակի կապակցությամբ նկարահանված «Փրկության քարտեզ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան, որը կազմակերպվել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության և «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի աջակցությամբ:
Կինոնկարը պատմում է հինգ մարդասեր կանանց՝ միսիոներներ Կարեն Եպպեի, Մարիա Յակոբսենի (Դանիա), Բոդիլ Բյորնի (Նորվեգիա), Ալմա Յոհանսոնի (Շվեդիա) և Աննա Հեդվիգ Բյուլի (Էստոնիա) մասին:
Ցուցադրության սկզբին ողջույնի խոսքով հանդես եկան ՌԴ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանը և Առնո Բաբաջանյան հիմնադրամի նախագահ Ա.Սարգսյանցը, որին հետևեց ֆիլմի պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանի ելույթը՝ կինոնկարի ստեղծման գաղափարի ու դրա իրագործման, հեղինակային խմբի և հերոսուհիների հայրենիքներում ֆիլմի ցուցադրման մասին:
Միջոցառմանը մասնակցեցին ՌԴ-ում հավատարմագրված մի շարք դիվանագետներ, այդ թվում նաև ՌԴ-ում Նորվեգիայի դեսպանը և ՌԴ-ում Շվեդիայի և Էստոնիայի դեսպանությունների խորհրդականները, ինչպես նաև հասարակական գործիչներ:
ՀՀ ԱԳՆ