Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր արձագանքը կարեւոր է

Հոկտեմբեր 13,2017 10:09

Երբ տաքսիստը կամ պատահական անցորդը սկսում են բողոքել կյանքից հայտնի արտահայտություններով եւ սեփական «խեղճությունն» ի ցույց դնելով, ո՞րը պետք է լինի ձեր արձագանքը: Զրուցակցին դուր գալու համար դուք պետք է նույն երգը երգեք` «վայ, կերան էս խեղճ ժողովրդին» եւ այլն, եւ այդ դեպքում դուք իրար «ջան» կասեք, «ջան» կլսեք, գումարած դրան` ձեր զրուցակցի աչքերում կերեւաք որպես «ժողովրդի դարդուցավով տառապող մարդ»: Որեւէ ձեւով հակադրվել այդ նվնվոցներին, մարդկանց մեջ փորձել ինքնասիրություն եւ արժանապատվություն արթնացնել, նշանակում է՝ դուրս գալ հարմարավետության գոտուց, այլեւս այդքան քաղցր եւ ընդունելի չլինել, կորցնել «ժողովրդական մարդու» համբավը:

Արդյոք մենք մշտապես մեր մեջ ուժ ենք գտնում հակառակ գնալ հոսանքին, չհաճոյանալ, չհարմարվել: Սովորաբար հարմարվողականության մասին խոսելիս նկատի ունեն իշխանության ստեղծած համակարգին չհակադրվելը: Նման բան էլ կա: Բայց ոչ տոտալիտար ռեժիմների ժամանակ էապես ավելի բարդ է հակադրվել հասարակական հիմնական հոսանքին: Դրա համար երբեմն ավելի մեծ խիզախություն է պահանջվում, քան պետք էր խորհրդային շրջանում «այլախոհությամբ զբաղվելու» համար:

Բերեմ մեկ այլ օրինակ այսօր հնչեղ թեմայով: Ենթադրենք, ձեր ընկերը կամ ծանոթը պատմում է իր ընտանիքում ծագած խնդիրների մասին եւ ներկայացնում է այդ խնդրի լուծման եղանակը՝ «էն օրը բռնի` կնգաս քացու տակ քցեցի»: Եթե դուք ոչ մի հոգեկան պաթոլոգիա չունեք, դուք պետք է որ ասեք, որ խնդիր լուծելու այդ ձեւը ձեզ դուր չի գալիս: Բայց արդյոք դուք դա կասե՞ք ձեր ընկերոջը: Թե՞ կլռեք: Կամ ավելի վատ՝ կեղծավորություն կանեք ու կասեք. «Հա, ախպեր, ճիշտ ես արել, էս կնանոց գյամերը մեկ-մեկ պետք է քաշել, որ գլխիդ չնստեն: Թե չէ կմտածի, որ ղզիկ ես»: Այդ դեպքում ձեր ընկերը կհասկանա, որ դուք էլ եք «տղա», ինչպես «հայու գենի» եւ «ավանդական հայ ընտանիքի» ներկայացուցիչ: Գուցե ձեր զրուցակիցն այնքան տաքանա ձեր նկատմամբ՝ «հասկացողության համար», որ կհրավիրի «մի կտոր հաց» ուտելու: Ձեր ընտրությունն է՝ «անուշ ընկեր» լինել «լավ տղու» համա՞ր, թե՞ «ղզիկ»:

Վերջին օրինակը: Ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը հայհոյում է մեկ այլ ավագանու անդամի, ընդ որում՝ կնոջ: Բայց նրա կողքը նստած են ավագանու այլ անդամներ՝ Իգիթյանի խմբակցությունից: Նրանցից ոչ մեկի մեջ ցանկություն չառաջացա՞վ սաստել գործընկերոջը: Նրա կողքը նստած էին նաեւ կանայք՝ նրանց մեջ ցասում չառաջացրե՞ց կնոջ հանդեպ նման վերաբերմունքը: Գուցե եւ առաջացրեց, բայց նրանք խիզախություն չունեցան հակադրվելու գործընկերոջը: Հավանաբար, ոմանց համար կուսակցական համերաշխությունն ավելի կարեւոր է, քան մարդկային արժեքները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Որպեսզի լինես սեփական կարծիք ունեցող և այն առանց վախի արտահայտող մարդ, պիտի նախ և առաջ ունենաս սեփական արժանապատվության զգացում։ Իրականում դա շռայլություն է, որն իրեն կարող են թույլ տալ միայն շատ քչերը և փոխանցվում է ծնողից՝ երեխաներին, այսինքն, ձեռքբերովի չէ։

  2. joradzadza says:

    Պրն. Աբրահամյան, իսկ դու՞ք խիզախություն ունեք հակադրվելու ձեր գործընկերոջը: Տարբեր թերթեր տարբեր երկրերում գրում են, որ ՞Հայբուսակ՞ համալսարանը դիպլոմներ է վաճառում: Ձեր ենթակա-գործընկերը պոեզիզյի երեկո էր կազմակերպել ՞Հայբուսակ՞-ի ռեկտորի հետ: Դե հակադրվեք, ինի՞ն եք սպասում: Պրոբլեմը հայհոյելու մեջ չի, որ հազար տարբերակով բոլոր հայկական թերթերը քննարկում են: Ինֆորմացիոն ֆրոնտի ՞զինվորներին՞ գոնե դուք մի կպեք: Իգիթյանն ընդեմ ծիրանների, Գեղամյան ընդեմ նիկոլի- դա տերերի անճաշակ պատվերն են կատարում: Ինչպես նաև ձեր լրագրողը:

    • Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ says:

      Հարգելի յoradzaza, Հայբուսակ համալսարանի ռեկտորի հարցազրույցը գովազդային նյութ է, դրա համար էլ ոչ թե կրթություն բաժնում է զետեղված, այլ բիզնես բաժնում, որտեղ, ըստ մեր կայքում հրապարակված նշման՝ հրապարակվում են գովազդային բնույթի նյութերը:
      Իսկ ընդհանրապես կրթության բաժնում զետեղված ցանկացած հրապարակման պարագայում գործում է մեր վարքականոնը, որտեղ բոլոր կողմերի տեսակետները ներկայացվում են: Առավոտը միշտ էլ հանրային հնչեղություն ունեցող բոլոր խնդիրներին անդրադառնում է: Այլ հարց է, որ սոցցանցերում ոչ իրենց անունով հանդես եկող օգտատերը սովորաբար պահանջում են պատժել, խարազանել մեկին, փոխանակ կոնկրետ փաստեր ներկայացնելու եւ իրենց անունով հանդես գալու:
      Հարգանքով՝ Գոհար

      • joradzadza says:

        Նախ ես մեղավոր չեմ, որ անունս Ժոռա է՝չթողեցին փոխեմ Գևորգ: Իսկ որ դիպլոմ ծախելը բիզնես է՝լրիվ համամիտ եմ ձեզ հետ: Շատ լավ էլ բիզնես: Մեկն էլ ՞պլան՞ է ծախում՝նրան է՞լ գովազդենք:

  3. Լավատես says:

    `դուք էլ եք «տղա», ինչպես «հայու գենի» եւ «ավանդական հայ ընտանիքի» ներկայացուցիչ`

    Սա հենց այն հոգեւոր դատարկությունն է, որը պետք է լցներ մեր կրոնը մեր ազնվական մտավորականության հետ միասին, տար առանց չակերտների հայ տղայի, հայու գենի եւ ավանդական հայ ընտանիքի ներկայացուցչի ձեւակերպումը, հիմա էլ ուշ չէ, մեր տարբեր ուղղությունների ու կրոնների հայ ազնվական հոգեւորականները իրենք պետք է ուժ գտնեն իրենց մեջ ու միավորվեն հայ արժեքների շուրջ ու միավորեն հայ ազգը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031