Լրահոս
Օրվա լրահոսը

Գինը Ղարաբաղն է. Մոսկվան ուղիղ է ասում

Հոկտեմբեր 13,2017 12:00

Եթե չհամաձայնենք Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության Մոսկվայի ձգտումներին, նոր պատերա՞զմ է սպասվում

ՌԴ նախագահի` եվրասիական ինտեգրման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազեւն անցյալ շաբաթ հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին, պատասխանել է, որ Ադրբեջանին ԵԱՏՄ-ում ընդգրկելու վերջնական որոշումը կախված է Հայաստանից. «Եվրասիական տնտեսական միությունը բաց է բոլոր մասնակիցների համար, բայց այս պարագայում որոշումը կախված է Հայաստանից, քանի որ ԵԱՏՄ-ում որոշումները կոնսենսուսի հիման վրա են ընդունվում»: Նա հավելել է, որ Հայաստանը` որպես ԵԱՏՄ անդամ, կարող է օգտվել վետոյի իրավունքից։ Ապա Գլազեւը հավելել է, որ եթե Կովկասում խաղաղություն ենք ցանկանում, պետք է ողջ Կովկասը ինտեգրել Կրեմլի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը: Նա հարկ է համարել հիշեցնել, որ հետխորհրդային երկրները համատեղորեն հսկայական կայսրություններ հիմնելու հին մշակույթ ունեն եւ կարող են իրենց միասնական ապագան կառուցել առաջիկա հարյուր տարվա համար: «ԵՏՄ ընդլայնումը բնական գործընթաց է, որովհետեւ այն դեռ ընթանում է հետխորհրդային տարածքում, որտեղ մեր բոլոր պետությունները դարերով միասին են ապրել, միմյանց լավ գիտեն, կարողանում են շփվել, ունեն շփման ընդհանուր լեզու՝ ռուսերենը, ունեն համատեղորեն հսկայական կայսրություններ հիմնելու եւ համատեղ գործունեության հին, ընդհանուր մշակույթ: Միասին կառուցել ենք ռուսական կայսրությունը, խորհրդային կայսրությունը եւ լիովին կարող ենք միասնաբար կառուցել մեր ապագան՝ առաջիկա հարյուր տարվա համար»:

Ընդ որում, ՌԴ նախագահի խորհրդականը նուրբ զուգահեռներ է տարել: Ըստ նրա՝ ԵԱՏՄ-ն կամավոր միություն է՝ ի տարբերություն ԵՄ-ի: «Ազատության» հարցին՝ եթե Ադրբեջանն անդամակցի ԵՏՄ-ին, հնարավոր կդառնա՞ Ղարաբաղյան խնդրի լուծումը, Գլազեւը պատասխանել է. «Այո, այլ խնդիրների թվում նաեւ այդ խնդիրը կլուծվի: Վստահ եմ, որ եթե ձեւավորենք միասնական տնտեսական տարածք, ձեռնարկությունների, մարդկանց միջեւ կառաջանա երկարատեւ համագործակցություն, մեր գործարար շրջանակները համատեղ բիզնես կանեն, կամրապնդվի փոխադարձ վստահությունը: Տնտեսությունը քաղաքականությունից առաջ է ընկնում: Եթե տնտեսությունը քաղաքականությունից առաջ է ընկնում, լրացուցիչ հնարավորություններ են առաջանում անլուծելի թվացող քաղաքական խնդիրների լուծման համար»:

Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ական ապագայի մասին, այսպիսով, Մոսկվան բաց է սկսել խոսել, ավելին՝ Երեւանում եւ, փաստորեն, Հայաստանի ուսերին են «բարդում» Ադրբեջանի հնարավոր անդամակցության ապագայի հարցը: Ընդ որում, սա այն դեպքում, երբ պաշտոնական Բաքուն առանձնապես չի շտապում ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում որոշում կայացնել, թեեւ մի քանի անգամ Ադրբեջանը բարձր մակարդակով ԵԱՏՄ-ին անդամակցության հնարավորությունը չի բացառել:

Ուշագրավն այն է, որ Մոսկվան ԵԱՏՄ-ի՝ Ադրբեջանի «համալրումը» երաշխիք է համարում ԼՂ խնդրի լուծման համար: Այսինքն՝ ինչպես Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը չի համարում արդյունավետ եւ խաղաղ կարգավորմանն ուղղված ձեւաչափ, այնպես էլ, ըստ էության, Ռուսաստանը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետություն է, համարում է, որ ԼՂ խնդիրը կարող է լուծվել այլ հարթակում` ԵԱՏՄ-ում, եթե Ադրբեջանն անդամակցի ԵԱՏՄ-ին, եւ այն դեպքում, եթե Հայաստանն իր համաձայնությունը տա:

Փաստորեն, Մոսկվան իր մոտեցումները հստակ է ներկայացնում՝ առանց ավելորդ համեստության: Այստեղ ուշագրավն այն է, որ Մոսկվան ակնարկում է, թե ԵԱՏՄ-ն կամավոր միություն է՝ ի տարբերություն ԵՄ-ի: Ակնարկներն, ինչպես ասում են, հասկանալի են: Սա ասվում է Երեւանում, որտեղ Հայաստանի իշխանությունները մոտ ապագայում պատրաստվում են ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր ստորագրել:

Բոլորովին էլ պատահական չէ, որ այս օրերին իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները սկսել են հայ-ռուսական դաշինքը կրկին Հայաստանի անվտանգության ապահովման միակ միջոց ներկայացնել, ինչպես 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո էին նույն կերպ վարվում: ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշում է, որ հայ-ռուսական միացյալ զորախումբը Հայաստանի անվտանգության եւ պաշտպանական համակարգի ամրապնդման համար է, որը միտված է պաշտպանել Հայաստանի անվտանգությունը բոլոր սպառնալիքներից՝ լինի դա Ադրբեջանից, թե Թուրքիայից: Ի դեպ, հենց Շարմազանովն էր, որը շաբաթներ առաջ ավետեց «բարի» լուրը. «Եթե Ադրբեջանը դառնա ԵԱՏՄ անդամ` կսահմանափակվի ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը»: Ինչպես երեւում է, ՀՀԿ-ում լրջորեն նախապատրաստվում են Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը ԵԱՏՄ-ին եւ դրան զուգահեռ, դեպքերից առաջ անցնելով, անգամ սկսել են «արդարացումներ» շռայլել դրա հիմքում հնարավոր ձեռքբերումների մասով:

ՀՀԿ-ին լրացնում են խորհրդարանական մյուս ուժերը: Եվրասիական միության կազմում լինելով՝ հնարավոր է բարձրացնել նաեւ Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու հարցը՝ անցյալ շաբաթ ԱԺ-ում նշեց ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով Եվրասիական միությունից Հայաստանի դուրս գալու մասին հայտարարության նախագծի վերաբերյալ ԲՀԿ խմբակցության տեսակետը: Եթե այս ամենին էլ գումարենք ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի միանգամայն անկեղծ ելույթները, թե ինչ չարիքների դեմ հանդիպման կհայտնվի մեր պետությունը, եթե զայրացնի Մոսկվային եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտ ներկայացնի, ապա ամեն ինչ, ինչպես ասում են, տեղն է ընկնում:

Ըստ մեր քաղաքական դաշտի՝ հետեւությունը հետեւյալն է. մենք ԵԱՏՄ-ում դատապարտված ենք, հակառակ դեպքում մեզ բնաջնջման վտա՞նգ է սպառնում… Ավելին, եթե չհամաձայնենք Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության Մոսկվայի ձգտումներին, ուրեմն ի՞նչ՝ նոր պատերա՞զմ է սպասվում: Փաստորեն՝ այո:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

12.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ashot says:

    “Փաստորեն՝ այո”

    Եթե զգացմունքները”Փաստորեն՝ այո”

    Եթե զգացմունքները մի կողմ դնենք- /այն մասով, որ որևէ նորմալ մարդ չի ցանկանա ապրել “մեծ եղբոր” սապոգի տակ ու իրան կոնյակ խմացնել “քվոտաների” դիմաց /, ապա իսկապես որ առայժմ, քանի դեռ կա Թուրքիան որպես թյուքական պետություն -Փաստորեն՝ այո
    Սրա մյուս տարբերակներն են՝ մտել-ասոցիացվ ել Իրանի կազմում, կամ էլ Թուրքիայի կազմում

    մի կողմ դնենք- /այն մասով, որ որևէ նորմալ մարդ չի ցանկանա ապրել “մեծ եղբոր” սապոգի տակ ու իրան կոնյակ խմացնել “քվոտաների” դիմաց /, ապա իսկապես որ առայժմ, քանի դեռ կա Թուրքիան որպես թյուքական պետություն -Փաստորեն՝ այո
    Սրա մյուս տարբերակներն են՝ մտել-ասոցիացվել Իրանի կազմում, կամ էլ Թուրքիայի կազմում

  2. Գեւորգ Կիրակոսյան says:

    Մի շատ լուրջ տարբերակ էլ կա, որի վրա կարելի է մտածել: – Կամավոր հրաժարվում ենք անկախ – մանկախությունից եւ դիմում ռուսաստանին՝ ընդունելու իր կազմ, ղարաբաղով, նախիջեւանով, թուրքին նվիրած հողերով, այն պայմանով, որ ճանաչեն այդ տարածքները որպես Հայաստան (այսինքն իրենցը համարեն!) եւ հետ ստանան: Ներկա վիճակում հզորների միջեւ հնարավոր է համաձայնություն գտնվի այդ հարցում: Եթե ռուսները չուզեցին, ապա նույն առաջարկը կարող ենք ամերիկոսներին անել, նախօրոք առաջիններին խնդրելով, որ չնեղանան (որի իրավունքը արդեն չեն ունենա!) Կամ, այս երկուսի համաձայնությամբ ու օգնությամբ – Եվրո մտցվենք: Սա շատ լուրջ է ասվում, որովհետեւ ծանր օրեր են սպասվում տարածաշրջանում, իսկ մեր ոտքի տակ կորչելու հավանականությունը խիստ մեծ է: (Մի կարեւոր պլյուս էլ կա այստեղ – տեղական անգետ կրիմինալից զգալիորեն կթեթեւանանք!) Եթե սա կամավոր անենք, ապա կարող ենք մեծ շահով դուրս գալ: Հակառակ դեպքում երեւի մեր վերջը կտան՝ խաբելով կամ ուժով, իրար մեջ պատառոտելով, ինչպես փորձված գայլերը անպաշտպան քուռակին: Դրանից հետո կարող ենք սրտներիս ուզածի չափ ողբալ ու կոծալ մեր անկախության ու ավերակների վրա – մոտիկից, կամ հեռվից! Թող ներեն ինձ ավելի խելոքները, սա պարզ հետեւում է մարդկային դառը պատմությունից, որը քչերի համար է արժեք ունեցել:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031