Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխացավի դեղից՝ գլխացավանք

Հոկտեմբեր 13,2017 17:00

Ալ Պաչինոն, Ջոնի Դեփը, Սառա Ջեսիկա Փարքերն իրենց լավագույն դերերում ծխում են: Դեռահասի աչքերում նրանք հմայիչ են, հաջողակ ու օրինակելի: Պատահական չէ, որ ծխախոտ արտադրող ընկերությունների թիրախում հիմնականում 14-24 տարիքային խումբն է։ Դեռահասը շտապում է մեծանալ, ձգտում ինքնուրույնության, փնտրում հերոսների։ Մի դեպքում հերոս են դառնում հայրը կամ մայրը, մեկ այլ դեպքում՝ «կինոյի տղաները» կամ բակի հեղինակությունները։ Արդյունքում ծխելու մոդան թելադրում են մեծերը:

«Տղան նայում է հորը կամ մեծ եղբորը, աղջիկը՝ մորը կամ քրոջը։ Դեռահասի վարքագծի ձեւավորման գործում ծնողները մեծ դեր ունեն։ Անշուշտ, ազդեցություն են ունենում նաեւ ֆիլմերն ու գովազդները, ծխախոտի տուփի ձեւավորումը՝ գրավիչ գույներ, անվանումներ: Հիմա տարբեր երկրներ անցել են «հասարակ փաթեթավորման». ընդգծված որեւէ գույն չպետք է լինի, ծխախոտի տուփի վրա պետք է լինեն միայն անվանումն ու առողջապահական հայտարարությունը, այսինքն՝ գեղեցկությունը, գայթակղությունն ամբողջությամբ պետք է դուրս գան»,- ասում է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:

90-ականներին ծխախոտի քարոզչությունը սկսվեց կովբոյներով։ Նրանց սեքսուալ կերպարը, միանշանակ, նպաստեց վաճառքին` միլիոնավոր գումարներ ու ճանաչում բերելով ծխախոտ արտադրող ընկերությանն ու տղաներին: Բայց ամեն ինչ գին ունի: Կովբոյներից երեքը մահացավ թոքի քաղցկեղից, մեկը` թոքի ծանր հիվանդությունից:

«Ինչպես գովազդները, այնպես էլ նրանց հերոսները մի օր մահանում են։ Ժամանակակից աշխարհում ծխախոտի նոր հերոս չկա, այդ իսկ պատճառով ծխախոտի ընկերությունները շեշտը դնում են փաթեթավորման վրա։ Ոչինչ հենց էնպես մոդայիկ չի դառնում: Ծխելը ոչ մոդայիկ կարող է դարձնել միայն օրենքը»,- ասում է պարոն Բազարչյանը:

Փորձը ցույց է տվել, որ Հայաստանում օրենքները սկսում են գործել, երբ դիպչում ես մարդկանց գրպանին, բայց այս պարագայում էլ սկսվում է քննարկումների բուռն ալիք. գլխավոր հարցը՝ ի՞նչ շահ են հետապնդում օրենքի կողմնակիցները, եւ ո՞ւր են ուղղվում գումարները։

«Մեր հասարակությունը միշտ ենթատեքստեր է փնտրում, անգամ հակածխախոտային ծրագրերի դեպքում: Ո՞ւմ է պետք, որ մարդիկ չծխեն։ Հետո սկսում են գտնել մեկ ուրիշ բանաձեւ, որ դա հատուկ են անում, որ ծխախոտն ավելի շատ վաճառվի: Ո՞րն է շահը՝ որ մարդ թողնի ծխելը։ Ցավոք, այդ քայլին են գնում միայն այն ժամանակ, երբ ի հայտ են գալիս հիվանդության առաջին ախտանշանները։ Պապը, որը թոռանը ծնկին է նստեցնում ու ծխում, բնականաբար, չի գիտակցում, որ վնասում է, քանի որ ծուխը միանգամից չի սպանում»,- նշում է Ա. Բազարչյանը:

Հայաստանում ընտանիքների 53.1%-ը տան պայմաններում գտնվում է ամենօրյա երկրորդային ծխի վնասակար ազդեցության տակ: Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն ահազանգում է` «պասիվ ծխողների» իրավունքները ոտնահարվում են, ծխողների սանդղակում թվերը տարեցտարի աճում են, հիվանդությունների երիտասարդացում, անգամ մանկացում է նկատվում:

«Մենք երեխայապաշտ հասարակություն ենք։ Առողջ սերունդը մեր պետության հիմքն է, մենք պետք է կարողանանք պաշտպանել նրանց իրավունքները: Արատներով ծնվող երեխաների թիվն աճել է, որովհետեւ ծխող կանայք շատացել են` 1.2%-ը ծխում Է: Եթե հիմա չկանխել, հետո ուշ է լինելու»,- ասում է Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:

«Առանց տուգանքների չի կարող գործել որեւէ սահմանափակում։ Ամրագոտիների օրինակը շատ ուսուցողական է: Սկզբից բոլորը դժգոհում էին, ասում՝ գումար հավաքելու միջոց է, հետո հասկացան, որ ամրագոտի կապելը միայն օգուտ է: Ի դեպ, բոլոր երկրներում էլ ծխախոտի հետ կապված օրենսդրական փոփոխությունները դժվար են անցել, բայց քաղաքական կամք է դրսեւորվել, քաղաքական գործիչները նպաստել են, որ իրենց հասարակությունը դառնա չծխող»,- ասում է պարոն Բազարչյանը:

ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանի կարծիքով՝ նախքան արգելելը, սահմանափակումներն ու տուգանքները, պետք է սկսել իրազեկումից. «Ուժով արդյունքի չես հասնի, երբ որեւէ օրենքում սահմանափակումներ ես մտցնում, պետք է կարողանաս նաեւ ճիշտ հաշվարկել կարճաժամկետ ու երկարաժամկետ հետեւանքները, որպեսզի ճիշտ լուծում գտնես: Երբ ասում ենք` հանրային վայրերում ծխելը պետք է արգելել, նախ պետք է խնդիր դնենք` ինչի համար: Պետք է գրագետ քարոզարշավ անել, որ մարդիկ կամաց-կամաց հասկանան ու չծխեն, նրանց որոշումը պետք է գիտակցված լինի: Միանշանակ, հանրային վայրերում պետք է արգելվի ծխելը, դրա համար հատուկ տարածք հատկացվի, բայց պատկերացրեք՝ այն րոպեին, երբ մարդ գտնվում է ոչ այդ վայրում, նա միեւնույն է՝ ցանկանալու է ծխել: Այդ պատճառով միչեւ սահմանափակումը պետք է կրթել: Գովազդներ, սերիալներ պետք է վերանայվեն, պետք է քարոզվի ոչ թե ծխելը, այլ առողջ ապրելակերպը»:

Թեւան Պողոսյանը խոստովանեց, որ այս պահին իր գրպանում ծխախոտ կա: Սկսել է զբաղվել սպորտով, առողջ սնվել, փորձում է մաքսիմալ քիչ ծխել ու մոտ ապագայում ընդհանրապես հրաժարվել վատ սովորությունից:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նույնպես խնդիրը տեսնում է կրթական մակարդակի բարձրացման մեջ:

«Հասարակական վայրերում չծխող մարդու համար պետք է լիարժեք պայմաններ ու հնարավորություններ լինեն, որպեսզի մարդն իր հանգիստը, ժամանցը կարողանա առողջ մթնոլորտում անցկացնել: Ծխելու դեմ պայքարի ամենալավ տարբերակը միջազգային փորձի կիրառումն է: Չծխելու մշակույթը պետք է արմատավորել քարոզչությամբ, վերջին դեպքում անցնել տուգանքների: Առհասարակ, ցանկացած օրենքի կիրառման համար ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ հարմարվեն: Չպետք է թույլ տալ, որ կախվածությունը կառավարի մարդուն, ես նույնպես ծխող եմ եղել, արդեն 5 տարի է՝ չեմ ծխում, եւ ինձ շատ լավ եմ զգում»,- ասում է նա:

Ի սկզբանե թութունն օգտագործվել է որպես գլխացավի դեղ: Այն առաջինը Պորտուգալիայից բերել եւ թագուհի Մեդիչիին է առաջարկել Պորտուգալիայում Ֆրանսիայի դեսպան Ժան Նիկոն (բույսի անունը կապվում է նրա անվան հետ՝ նիկոտիանա): Գլխացավի դեղն այսօր դարձել է գլխացավանք ոչ միայն ծխողների, այլեւ ծխախոտի դեմ պայքարողների համար: Հարցը մեր երկրում հանրային առողջության հիմնախնդիրներից է։ Օգոստոսի 3-ին ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել «Ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը», որի թիրախը առաջիկա 3-4 տարում ծխող տղամարդկանց թիվը շուրջ 10%-ով կրճատելն է։ Այժմ ձեւավորվում է Ծխելու դեմ պայքարի գործողությունների իրականացման համակարգող միջգերատեսչական հանձնաժողով։ Ներկայումս վերջնական փուլում է ծխելու դեմ պայքարի ուղղությամբ իրավական ակտերի համապարփակ նախագիծը, որը մոտ օրերս կներկայացվի հանրությանը:

Հոկտեմբերի 6-ին առողջապահության նախարարը տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ կրկին անդրադարձավ ծխելու վնասակարությանը: Լեւոն Ալթունյանը վճռական է տրամադրված` հակածխախոտային ծրագիրը մեր երկրում պարտավոր է հաջողության հասնել:

 

Մ. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

12.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031