Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի բնակիչները պարտվում են վարկատու կազմակերպությունից

Հոկտեմբեր 13,2017 16:30
tokos

Վարկառուներից մեկի բնակության վայրը բացահայտել չի հաջողվել

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հեղեղված է «ՍԵՖ Ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպության» հայցերով:

ՍՊ ընկերությունը վարկեր է տրամադրել մարզի բնակիչներին, որոնք ճկվել են վարկերի ծանրության ու տոկոսների տակ, հաճախ էլ դատարանով ճանաչվել սնանկ:

Դատարանի վճռով վերջերս սնանկ ճանաչվածների մեջ են Գեւորգ Մադոյանը, Հարություն Մկրտչյանը, Հովսեփ Պետրոսյանը, Յուրիկ Անտոնյանը, Վարդան Մադոյանը: Դատարանը վերջինիս բնակության վայրը բացահայտել չի կարողացել, սակայն վարկատու ընկերության օգտին վճիռ է կայացրել:

Ըստ գործի նյութերի, Վարդան Մադոյանի եւ ընկերության միջեւ 2015թ. ապրիլի 22-ին կնքվել է պայմանագիր, եւ ընկերությունը նրան տրամադրել է 7 հազար ԱՄՆ դոլարի վարկ, 20% տոկոսադրույքով, 48 ամիս ժամկետով: Ըստ հայցվոր վարկատուի, վարկը չի մարվել, նաեւ «Առավոտի» տեղեկություններով, արգելանք էր դրվել Վ. Մադոյանի գույքի վրա:

Ընկերության օգտին վճիռ էր կայացվել նաեւ Գեւորգ Մադոյանի գործով: Նա ճանաչվել է սնանկ: Դատարանը արգելանք էր դրել Գեւորգ Մադոյանի գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:

«Սեֆ Ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպության» եւ Գեւորգ Մադոյանի միջեւ 2014թ. սեպտեմբերի 9-ին կնքվել է վարկային գծի պայմանագիր:

Վարկային կազմակերպությունը անշարժ գույքի վերանորոգման եւ բարեկարգման նպատակով բացել է 12 290 ԱՄՆ դոլար սահմանաչափով վարկային գիծ: Վարկային գիծը բացվել է մինչեւ 09.10.2025թ.: Ուշադրություն դարձրեք 2025թ.-ի վրա:

Վարկը՝ 12 000 ԱՄՆ դոլարը տրամադրվել էր տարեկան 20% տոկոսադրույքով, 48 ամիս մարման ժամկետով: Հետագայում կողմերի միջեւ կնքվել էր անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագիր: Վարկառուն չէր կարողացել փակել գումարը:

Գեւորգ Մադոյանի ընդհանուր պարտքը վարկային կազմակերպության նկատմամբ 21.07.2016թ. դրությամբ կազմել է 10 294,01 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ եւ 39 311,20 ՀՀ դրամ գումար, որից վարկի «Մայր գումարը»՝ 9 429,89 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, հաշվարկված տոկոսը՝ 615,42 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ժամկետանց գումարի տոկոսը` 20, 01 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ամսական սպասարկման վճարը` 39 311,20 ՀՀ դրամ, ժամկետանց գումարի տույժը` 141,45 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի տույժը` 87,24 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Այս ընկերությունը մեկ այլ հաղթանակ էլ էր տարել անվճարունակ Միհրան Թորօղլյանի եւ Հրայր Գեւորգյանի գործով: Համապարտության կարգով հօգուտ «Սեֆ»-ի դատարանի վճռով բռնագանձվելու է 197.751,80 ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար: Վարկի մնացորդը՝ 131.243,90, սկսած 27.10.2016թ.-ից հաշվեգրվելու եւ հօգուտ նշյալ ՍՊ ընկերության բռնագանձվել է վարկային պայմանագրով սահմանված տարեկան 24% դրույքաչափով, մինչեւ պարտավորության փաստացի կատարման օրը:

Յուրիկ Անտոնյանը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով վերցրել էր 17.500 ԱՄՆ դոլար սահմանաչափով վարկ:

Այս դեպքում տարեկան 15 տոկոս տոկոսադրույքով, մինչեւ 2018թ. մայիսի 2-ը մարման ժամկետով, իսկ Անտոնյանը պարտավորվել է պայմանագրով սահմանված ժամկետներում, չափերով եւ կարգով վերադարձնել վարկը եւ դրա դիմաց վճարել տոկոսներ, իսկ սահմանված ժամկետներում վճարում չկատարելու դեպքում, վճարել սահմանված չափով հաշվարկված տույժերը: 2018թ.-ը չի մոտեցել, սակայն վարկատու կազմակերպությունը դատարան դիմելով հայտնել էր, թե պարտապանն իր ստանձնած վճարային պարտավորությունները չի կատարել, որի արդյունքում հուլիսի 20-ի դրությամբ բանկի նկատմամբ նրա ունեցած վարկային պարտավորության չափը կազմել է 11.878,88 ԱՄՆ դոլար (որը 05.09.2017թ. դրությամբ համարժեք է 5.681.550 ՀՀ դրամի), որից 10.563 ԱՄՆ դոլար՝ որպես վարկի գումարի մնացորդ, 678,32 ԱՄՆ դոլար՝ որպես հաշվարկված տոկոս, 55,22 ԱՄՆ դոլար՝ որպես ժամկետանց գումարի տոկոս, 434,48 ԱՄՆ դոլար՝ որպես ժամկետանց գումարի տույժ, 147,86 ԱՄՆ դոլար՝ որպես ժամկետանց տոկոսի տույժ:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

12.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031