Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսումնառության խնդիրները` սիրիահայ ուսանողի աչքերով

Հոկտեմբեր 13,2017 14:30

Բարդին փորձում է ինքնուրույն «գլուխ հանել» ստեղծված իրավիճակից

Հալեպից եկած 23-ամյա Բարդի Մինասյանը ժամանակակից դասական երաժշտության սիրահար է, նաեւ նկարում եւ ասմունքում է, իսկ սիրելի բանաստեղծը Հովհաննես Շիրազն է: Արմատները Բուրսայից եւ Ուրֆայից են: 2012թ.-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան: Այսօր Բարդին սովորում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կիթառի դասարանում: «Ես Հալեպի Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական դպրոցում սովորել եմ նվագել դաշնամուր ու կիթառ: Սկզբում մտմտում էի՝ գալ կոնսերվատորիա, թե չէ: Ի վերջո, որոշեցի, որ պետք է գամ: Հիմա Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում կիթառի դասեր եմ տալիս»,- մեզ հետ զրույցում նշեց Բարդին: Երաժշտության հետ նրա ընտանիքում ոչ ոք առանձնապես սերտորեն կապված չէ: Ասմունքելու տաղանդն էլ փոխացվել է մայրիկից, իսկ տատը պարզապես լավ է երգել: «Ես առաջինն եմ, որը երաժշտության մեջ է մասնագիտացել», – անկեղծանում է երիտասարդ արվեստագետը:

Պատմում է, որ Հալեպում երաժշտական փոքրիկ խումբ են ունեցել, որի մասին ասօր հիշում է ժպիտով: Ասում է՝ խումբը որեւէ հատուկ անուն չուներ. «Ես սոլո կիթառ էի նվագում, 2 կիթառահար կար խմբում, բաս կիթառահար, վոկալիստ եւ թմբկահար: Դպրոցում համերգների ժամանակ միասին նվագում էինք: Հայաստան գալուց հետո մեկ անգամ ենք նվագել՝ Թումանյանի թանգարանում»:

Բարդիի անվան պատմությունն էլ առանձնանում է նրանով, որ Հալեպում առաջինն է եղել, որը կրել է այդ անունը: «Հաջորդ տարի արդեն 3 Բարդի կար: Ինձնից էին վերցրել (ծիծաղում է,-Ն.Պ.)»,- ասաց մեր զրուցակիցը: Բարդին հիմա մտածում է ասմունքի միջոցով գործիքային ստեղծագործություններ գրելու մասին: Ուզում է այնպիսի գործ գրել, որի ընթացքում երաժշտությունը «կհամեմվի» ասմունքով: Արդեն նման նախադեպ ունեցել է. «Երբ առաջին կուրսում էի, Շիրազի «Սփյուռքի հայությանը» բանաստեղծության հիման վրա գործ գրեցի: Սկզբում Սիրիայի մասին էի գրում՝ կարոտի զգացումով, բայց մինչեւ հասա գործի ավարտին, ստացվեց, որ Հայաստանի մասին եմ գրում՝ կոչ անելով հայրենիք վերադառնալ»:

Իր ուսումնառության սկզբնական շրջանում Բարդին հետաքրքրված է եղել բացառապես կոմպոզիտորական արվեստի սկզբունքներով, իսկ այսօր արդեն ինքն իրեն բացահայտելու ճանապարհին է. «Ես զգում եմ, որ իմ մեջ ինչ-որ բան ունեմ արեւելյան երաժշտությունից, եւ դա շատ լավ կարող եմ օգտագործել դասական երաժշտության մեջ: Հիմա նոր գործ եմ գրում՝ քամանչայի եւ կիթառի համադրությամբ: Նոյեմբերին կամերային թատրոնում համերգ կունենամ»:

Հայաստանյան աշխատաշուկայում երիտասարդ կիթառահարը մատնանշում է տարբեր խնդիրներ, մասնավորապես ընդգծելով, որ կիթառը նվագախմբային գործիք չէ, եւ ստիպված ես հիմնականում հանդես գալ որպես սոլո կատարող. «Բացի դրանից, այսօր կիթառ տեսնում ենք միայն փաբերում: Այնտեղ ավելի շատ մարդ է գնում, քան դասական համերգներին»: Հայաստանում Բարդին կուզենար տեսնել նաեւ թատրոնի եւ երաժշտության համադրությունը (հենց կիթառի տեսքով), որն, իր խոսքով, հիմնականում հանդիպում է օպերային գործերի մեջ:

Նրա ձեւակերպմամբ, կոնսերվատորիայում ուսանողներին մտահոգող խնդիրների պակաս չկա. հիմնականում բողոքում են համալսարանի ներսում աջակցություն ստանալու պակասից: Բարդին դժգոհում է, որ այսօրվա երիտասարդների մեծ մասը չի ցանկանում նվագել ժամանակակից կոմպոզիտորների գործեր. «Այսօր Եվրոպայում լրիվ այլ երաժշտություն են գրում, հետխորհրդային երկրներում՝ այլ, Ամերիկայում՝ այս երկուսի խառնուրդը: Շատ խորը բաներ կան, որոնց մասին գաղափար չունենք, բուհում էլ չենք սովորում: Համերգները, որ լինում են, հիմնականում կազմակերպում ենք մենք, մինչդեռ, ըստ իս, դա պետք է լինի կոնսերվատորիայի աշխատանքը: Մենք ենք դահլիճը գտնում, կատարողներին` նույնպես: Հաճախ է պատահում՝ սիմֆոնիկ գործ ես գրում, վերջին պահին մերժում են: Իսկ վարպետության դասեր համարյա չկան»:

 

ՆԵԼԼԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ»

12.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031