Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Բրուտյան. «Թեկուզ նվազագույն աջակցությունը մուայթայի ֆեդերացիային շատ կօգներ»

Հոկտեմբեր 13,2017 14:00

Հայաստանի մուայթայի ֆեդերացիան հոկտեմբերի 14-ից 22-ը Փարիզում կմասնակցի մեծահասակների եւ երիտասարդների Եվրոպայի առաջնությանը, որտեղ մեր հավաքականը համալրված է լինելու նաեւ Արցախի ներկայացուցիչներով:

Ֆրանսիայի մայրաքաղաք մեկնում են: Մեծահասակներ. Գոռ Նազարյան՝ 60 կգ քաշային կարգ, Ալբերտ Ամիրջանյան՝ 63,5 կգ, Արմեն Գրիգորյան՝ 71 կգ, Դավիթ Հայրապետյան՝ 71 կգ: Երիտասարդներ. Անտոնիո Քոչարյան՝ 54 կգ քաշային կարգ։

Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ Հայաստանի մուայթայի ֆեդերացիան այսուհետեւ հանդես է գալու աշխարհի ուժեղագույն հավաքականների շարքում, քանի որ Գոռ Նազարյանի՝ «Russian Chalenge 4» հանրահռչակ մրցաշարում տարած հաղթանակի շնորհիվ Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի կարգը «B» դասից բարձրացել է «A» դաս, ինչը մեծ ձեռքբերում է։

Արտակ Բրուտյանը խոսեց նաեւ ֆեդերացիայի առջեւ ծառացած դժվարությունների մասին: «ՄՕԿ-ն անցած տարվա դեկտեմբերին մուայթայը ճանաչեց որպես մարզաձեւ եւ թույլ տվեց Տոկիոյի օլիմպիական խաղերում հանդես գալ ցուցադրական ելույթներով: Հետեւաբար, բացառված չէ, որ 2024 թվականին մուայթայը դառնա օլիմպիական լիիրավ մարզաձեւ: ՄՕԿ-ից հետո մոտ մեկ ամիս անց մուայթայը ճանաչվեց նաեւ Հայաստանում: Մեր առջեւ առաջադրանք է դրված՝ գործունեություն ծավալել եւ մարզաձեւը զարգացնել հանրապետությունում, ինչն անում էինք եւ հիմա էլ շարունակում ենք: Փետրվար ամսին մեր մեծահասակների հավաքականը ուսումնամարզական հավաքի մեկնեց Մոսկվա, որից հետո բավականին հաջող մասնակցեցինք թե պրոֆեսիոնալ, թե սիրողական յոթ միջազգային մրցաշարերի, ընդ որում՝ բոլոր տարիքային խմբերում:

Մեզ է միացել եւ այժմ Հայաստանի հավաքականի դրոշի ներքո հանդես է գալիս աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, պրոֆեսիոնալ եւ սիրողական բազմաթիվ հեղինակավոր մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր Ալբերտ Ամիրջանյանը (նկարում), որն իր բոլոր տիտղոսները նվաճել էր Ռուսաստանի թիմի կազմում: Կանոնավոր կերպով, ինչպես նախարարության պահանջն է, կազմակերպում ենք Հայաստանի եւ ակումբների մեծահասակների, երիտասարդների, պատանիների առաջնություններ, որոնց մասնակցում են մեծ թվով մարզիկներ: Նրանք, ովքեր մասնակցում են դրանց, տեսանելի է, որ տարեցտարի բարձրացնում են իրենց որակները: Կատարված աշխատանքների շնորհիվ մասնաճյուղ ունենք նաեւ Արցախում, որտեղի մարզիկներն սկսել են համալրել մեր հավաքականները: Այնպես որ, աշխատանքն ու արդյունքներն ակնհայտ են: Բայց, դեռ պետական աջակցություն չենք ստանում:

Ամեն ինչ անում ենք մեր անձնական միջոցների, մեզ աջակցողների եւ ծնողների շնորհիվ: Շատերն աջակցություն ասելով նկատի ունեն դրամականը: Եվ որքան շատ են ստանում, միեւնույն է, դժգոհում են, թե քիչ է: Իհարկե, դրամական աջակցությունը շատ կարեւոր է, մանավանդ, որ մուայթայը մուտք է գործում օլիմպիական խաղերի ծրագիր: Բայց մենք հասկանում ենք, որ մեր պետության հնարավորություններն անսահմանափակ չեն: Մենք շատ բան չենք ուզում: Օրինակ, աշխարհի, Եվրոպայի առաջնություններին միջազգային խոշորագույն մրցաշարերին մասնակցելիս հնարավոր չէ՞ մեր հավաքականներին համազգեստ տրամադրել, կամ ճանապարհածախսը հոգալ: Մենք, թերեւս, միակ երկիրն ենք, որ միասնական համազգեստ չունենք, հանդես ենք գալիս տարբեր տոնավաճառներից գնված ու վրան լոգո փակցրած մարզահագուստով: Կրկնում եմ, մենք մեծ գումարներ չենք ուզում, բայց ցանկանում ենք սկզբի համար գոնե նվազագույն աջակցություն ստանալ: Այդ ժամանակ արդյունքներն ավելի պատկառելի կլինեն եւ երբ մուայթայը ընդգրկվի օլիմպիական խաղերի ծրագիր, արդեն պատրաստ կլինենք առանց տարիներ կորցնելու պայքարել վարկանիշ նվաճելու համար», – ասաց Արտակ Բրուտյանը:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

12.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031