Լրահոս
Օրվա լրահոսը

Փողն ու Մեծերը

Հոկտեմբեր 13,2017 13:30

Հայրենիքում խնդիրներն այնքան են շատացել, որ մէկից էլ որ խօսես, կգտնուի բազմութիւն, որ կասի. «ախր ի՞նչ դրա ժամանակն է, ուրիշ խնդիր չկա՞յ, էլ հարց չմնա՞ց, ա՞յդ էր հրատապը»…

Եղբայրներ, այո, ամեն հարց կարեւոր է, կան առաջնային եւ երկրորդական խնդիրներ, բայց ազգին արթուն պահելու, բացասական երեւոյթները ցոյց տալու համար ամեն պահ յարմար է:

Եկեք մտորենք մի բանի մասին, որ եթե նոյնիսկ մեր մտքով անցել է, ապա մեծ նշանակութիւն չէնք տուել, անցել գնացել է:

Հայկական դրամի վրայ պատկերուած են Հայ ազգի մեծերից մի քանիսը: Աբգար Ե-ն, որ 100000-ի վրայ է տեղ գտել, շատ աւելի քիչ է առնչւում Հայ ժողովրդի հետ, ելնելով երկրի տնտեսական պայմաններից… Աւելի յաճախ յանդիպում ենք դրամներ, ուր Չարենցի, Թումանեանի, Իսահակեանի, Սարեանի պատկերներն են: Արժէ՞ արդեօք Հայ մեծերին տեղադրել դրամների վրայ, թէ ոչ, այսօրուայ իմ ասելիքը չէ:

Մտաւորական ազնիւ մարդն իրապաշտ չի լինում, այդ պատճառով դրամն ու մեր մեծերն անհամատեղելի են, միւս կողմից, ժողովուրդն, որ ամեն պահի առնչւում է փողի հետ, յաճախ հեռանում է մշակոյթից, արուեստից եւ գոնե այդ դրամի շնորհիւ տեսնում է էստետիկ արժեք ներկայացնող պատկերներ, դէմքեր…

Ինչպէս բացատրել, որ Հայկական դրամի վրայ տեղ չունեն արեւմտահայ մտաւորականները, եղեռնազոհ մտաւորականները, ում ոչ շատ վաղուց պաշտոնապէս դասեցին սրբերի շարքին (ի տարբերութիւն խորհրդային ժամանակաշրջանի 1921, 1937, 1949 զանգուածային բռնութիւններին զոհ գնացած Հայերի):

Հայ գրականութեան մեծագոյն դէմքերից է Դանիել Վարուժանն, ում երկերն իրենց մէջ հայրենասիրութեան, փիլիսոփայութեան, մարդկային բարձր արժեքների ահռելի քանակ են պարունակում: Վարուժանը նաեւ յայտնի է իբրեւ մանկաւարժ, ումից բան ունեն սովորելու այսօրուայ Հայ համալսարաններում դասաւանդող մասնագէտներից շատերը:

Ցեղասպանութեան 100 -ամեակին ընդառաջ Երեւանում տեղադրուեցին պաստառներ տարբեր նկարներով, բայց դրանց վրայ գրեթէ բացակայում էին եղեռնազոհ Հայ մտաւորականների դէմքերը, մէկ պաստառ կար Մարզահամերգային Համալիրի կողքին, այն էլ հանեցին շուտով…

Վարուժան, Սիամանթո, Ռուբեն Սեւակ, Կոմիտաս… ինչպէս է ստացւում, որ թերագնահատում ենք այս մեծութիւններին եւ այն, որ նրանց լաւ չէնք ճանաչում:

Հայ ժողովուրդն աշխարհում յայտնի է իր հումորով, երգիծելու տաղանդով… եւ բոլոր գրագէտ Հայերը գիտեն, որ մեր երգիծաբանութեան, սատիրայի գլխաւոր դէմքը Յակոբ Պարոնեանն է:

Հայ ժողովուրդը մշտապէս սեփական պէտականութիւնը ունենալու երազանքով է ապրել Հայկ Նահապէտից մինչեւ մեր օրերը: Մէնք գիտենք նաեւ, որ մեր Անկախական մտքի գագաթներից է Միքայել Նալբանդեանը, իսկ ազգային հայրենասիրութեան բարձունք՝ Ռափայել Պատկանեանը: Նրանց գաղափարներին ու երազներին հերթական անգամ կեանք տուեց մեր օրերում Հայ երիտասարդութեանը անծանօթ, Ազգային Հերոսի կոչման դաւադրաբար չարժանացած Հայկազ Խաչատրեանը:

Ամեն օր խօսում ենք 1915 -ի արհաւիրքից, մեր ազգի ուղեղը ոչնչացրած թուրքի հետ կռիւ տալով, նաեւ պարծենում ենք անկախութիւնով, միջազգային յարաբերութիւնների սուբյեկտ յանդիսանալու առիթով: Բայց գործնականում… Ո՞ւր են այս մարդիկ… Ինչի՞ նրանք տեղ չունեն դրամի վրայ…Միւսներին այդքան զիճո՞ւմ են իրենց կենսագրութիւններով…

Այսօրուայ քաղաքական իշխանութիւնը այդ հարցերը չի լուծելու, այնպէս որ հերթը մերն է, անելիքը մերն է, գաղափարի կրողը մէնք ենք:

Մեր պապերը մեզ տուեցին Անկախութիւն, Հայրերն Անկախ Հայրենիքին միացրին ազատագրուած Արցախը: Ժամանակն է, որ մէնք մեր երեխաներին մի ժառանգութիւն թողնենք, որ Հայրենիքը չզղջայ մեր ծնուելու առիթով:

 

Դաւիթ ԱՂԱՋԱՆԵԱՆ

Տիր Հայագիտական Կենտրոն

Յ.Գ. Փողն ունի նաեւ ունակութիւն շարքային, «քիչ մը» հարուստ մարդկանց ՄԵԾԵՐԻ հետ մի ցուցակում տեղադրելու: Մեր պէտութիւնը Ազգի Հերոսի կոչում է տալիս ամբողջ կեանքը արտասահմանի զարգացած երկրներում ապրած, Հայագիտութեան, Հայկականութեան, Հայերենի հետ մեծ կապ չունեցող ձեռնարկատերերին: Չէմ ուզում կասկածել, որ նրանք հրաշալի անձինք են եւ տեղ ունեն մեր պատմութեան մէջ, իբրեւ աշխարհում լաւ գործեր կատարած կարգին մարդիկ, բայց նրանց տեղ տալ մի ցուցակում, ուր փայլատակում են Անկախական Մովսես Գորգիսեանը, նուիրեալ զորաւար Մոնթե Մելքոնեանը, ուր պիտի լինեն Լեոնիդ Ազգալդեանը, Ստեփան Զատիկեանը եւ ուրիշ լեգենդեր: Այն մարդիկ, ովքեր զոհեցին ամեն ինչ յանուն Հայաստանի: Ինչպէս Զատիկեանն է գրել՝ «տանք մեր միտքը, կեանքն ու ոգին մեր տառապեալ Հայրենիքին»: Ահա Հայ տեսակի մաքրագոյն օրինակը: Անպայման չէ, որ բոլորը ձգտեն այդպիսին լինել, բայց օրհասական պահերին միայն այդ տեսակն է ունակ ոտքի կանգնել պարզ մտքով եւ փրկել հնագոյն ազգերից մէկի պատիւը: Փողով Հայաստանի պատիւ չէս փրկի, Անկախութիւն, մշակոյթ, արուեստ, պատմութիւն չէս կերտի:

Բայց առայժմ մեզ փորձում են վարժեցնել այն մտքին, որ փողն ու մեծերն անբաժան են…

«Առավոտ»

12.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031