Կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստի ժամանակ այսօր նախագահող դատավորը հայտարարեց, որ գործով բոլոր ապացույցները հետազոտվել են, անցնում են հաջորդ փուլին՝ ամբաստանյալների հարցաքննությանը:
Դատարանի այս հայտարարությանն ի պատասխան պաշտպանական կողմը հարց բարձրացրեց՝ եթե մեղադրանքի հիմքում դրված է, մեղադրական եզրակացությունում նշված է, որ ապացույց է ճանաչվել Իշխան Բարսեղյանի նկատմամբ կատարված ներքին ու արտաքին դիտումները, ինչու դրանք դատարանում չհետազոտվեցին:
«Դատարան բերեք, հետազոտենք, կիսատ հետազոտված ապացույցներով ոնց ենք ասում, որ հետազոտվեցին բոլոր ապացույցները»,- հարցրեց փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
Մեղադրող դատախազը կարծիք հայտնեց, որ կարող են անցնել հաջորդ փուլին, իսկ դատարան չներկայացված ապացույցների վերաբերյալ դիրքորոշում կհայտնի իր ճառում:
«Ես նման դեպք, նման իրավիճակ չեմ տեսել ոչ մի քրեական գործով, երբ մեղադրանքի հիմքում դրվել է ապացույցը, դատարան չի ներկայացվել, կողմը հարց է բարձրացնում, որ բերեք ապացույցը, դատարան ներկայացրեք, դատավորն ասում է ոչինչ, որ այդ ապացույցը չկա, այսքանը բավարար էր: Սա աբսուրդ է, ուզում ենք հասկանալ, Բարսեղյանի նկատմամբ արտաքին, ներքին դիտում կատարվե՞լ է, թե՞ չի կատարվել»,- ասաց տիկին Էլբակյանը:
Վարդուհի Էլբակյանն արձանագրեց, որ նախագահող դատավորը կողմնակալ վերաբերմունք ունի եւ ժամանակ խնդրեց՝ նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար: Նախագահող դատավորը քսան րոպե ժամանակ տվեց, ինչը չբավականացրեց պաշտպանական կողմին միջնորդությունը ներկայացնելու համար: Մեղադրողն էլ միջնորդեց հետաձգել դատական նիստը, քանի որ աշխատանքային ժամն արդեն անցել էր, դատարանը բավարարեց այդ միջնորդությունը: Հաջորդ դատական նիստին ցուցմունք կտան ամբաստանյալները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ