Եկող շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այսօր այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ըստ նրա, հանդիպումը տեղի կունենա Ժնեւում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ։
«Հայաստանի տեսակետները գիտեք արցախյան հիմնախնդրի հետ կապված, որը Հայաստանի նախագահը վերջերս ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել էր։ Չնայած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններին, այնուհանդերձ Հայաստանի նախագահը գնալու է Ալիեւի հետ հանդիպմանը»,-ասաց պարոն Աշոտյանը:
Այն հարցին, թե ինչո՞ւ Սոչիում տեղի չունեցավ Սարգսյան-Ալիեւ հանդիպում, պարոն Աշոտյանը պատասխանեց, որ նման հանդիպում ավելի վաղ ծրագրված չի եղել եւ դա ընդամենը որոշ լրատվամիջոցների տեղեկություններ են եղել. «Չկայացավ նման հանդիպում, որովհետև ի սկզբանե նման հանդիպում ծրագրված չէր»:
Ըստ ՀՀԿ փոխնախագահի, բարեհաջող ընթացքի համար անհրաժեշտ է ստեղծել «արժանահավատ ու անվտանգ միջավայր»։
«Դուք ծանոթ եք Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններին, բոլոր դեպքերում, հավատարիմ լինելով Մինսկի խմբի ձեւաչափին ու սկզբունքներին, Հայաստանը միշտ կառուցողական է եղել բանակցային գործընթացում իր լուման ունենալու հարցում»,-ասաց Արմեն Աշոտյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ