Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Վանաձորում: Ժամը 20:35-ի սահմաններում Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի 25 տանը հրդեհ է բռնկվել:
Հրդեհի հետեւանքով մահացել է տանը միայնակ գտնվող 4-ամյա Է. Խ.-ը:
«Ահազանգը ստացել ենք 20:35 րոպեին, 20:37 րոպեին 2 մարտական հաշվարկ մեկնել է, դեպքի վայր ենք հասել 20:41 րոպե: Փրկարարները, երբ կրակը տեսել են, միանգամից սանդուղքով լուսամուտից տուն են մտել, բայց այդ ժամանակ արդեն մայրը երեխային ձեռքերի վրա դռնից դուրս է բերել, բայց երեխան մահացած էր: Մահը թե ինչից է վրա հասել, դա չգիտենք, բայց երեխայի մարմնի վրա կային այրվածքի շատ նշաններ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Հովհաննիսյանը:
Նախնական տեղեկություններով երեխան մոր եւ ավագ եղբոր հետ առանձնատան 2-րդ հարկում ապրում էր վարձակալական հիմունքներով: Դեպքի ժամանակ երեխան տանը եղել է միայնակ:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ