Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում խոսելով Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծից, անդրադարձել էր Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի վերլուծությանը:
Վիգեն Քոչարյանն ասել էր. «Ինձ համար զարմանալի էր Արա Զոհրաբյանի արձագանքը, որովհետեւ, երբ օրենքը տարբեր գերատեսչություններ, հաստատություններ ուղարկվել է կարծիքի համար, Փաստաբանների միությունը պաշտոնական գրությամբ հայտնեց, որ որեւէ դիտողություն օրենքի նախագծի վերաբերյալ չունեն, միգուցե պարոն Զոհրաբյանի անձնական կարծիքն է, միգուցե ինքը ընտանեկան բռնության վերաբերյալ գործեր չի վարում»:
Aravot.am-ն այս առնությամբ պարզաբանում խնդրեց, ինչին ի պատասխան՝ Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը պատասխանեց. «2016թ․ նմանատիպ օրենքի նախագիծ էր շրջանառության մեջ դրվել, որը արդարադատության նախարարության կողմից այնուհետև հանվեց շրջանառությունից։ Այդ ժամանակ, փաստաբանների պալատն առաջարկություններ չի ներկայացրել, միայն արձագանքել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագծի մասով։ 2017-ին, երբ շրջանառության մեջ դրվեց բոլորիս հայտնի օրենքի նախագիծը Փաստաբանների պալատը ներկայացրել է իր գրավոր առաջարկությունները։ Մենք չենք ցանկանում մեկնաբանել պարոն Վիգեն Քոչարյանի կարծիքը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ