Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նորանշանակ նախարար Սերգեյ Շահվերդյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նախկին նախարար Նարինե Աղաբալյանից ընդունել է բավականին կայացած կառույց և հետագա զարգացումը պետք ապահովել բարձր նշաձողից:
«Դա նաև հավելյալ պարտավորեցնում է մեզ որպեսզի մեր ջանքերը բազմապատկենք: Սա բավականին հսկայական ու պատասխանատու բնագավառ է և մեր կատարած աշխատանքի արդյունքները պետք է տեսանելի լինեն հանրության համար»,- ընդգծում է նախարարը:
Նա նկատում է, որ ցանկացած փոփոխություն նոր հնարավորություններ է ընձեռում և այս առումով մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կազմում զբոսաշրջության վարչության ընդգրկումը ևս այդ տրամաբանության մեջ պետք է նայել:
«Մենք պետք է զբոսաշրջության բնագավառի զարգացումը սահուն կերպով շարունակենք արդեն այս նախարարության կազմում: Զբոսաշրջության համակարգը տարիներ շարունակ եղել է առանձին լիազորված մարմին, այնուհետև երկու տարի եղել է էկոնոմիկայի նախարարության կազմում և այսօր, ընդգրկվելով է մշակույթի երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության կազմում, ընդգծվել է նաև նախարարության անվան մեջ»,- պարզաբանում է Սերգեյ Շահվերդյանը:
Նա նաև, համեմատելով ընթացիկ տարվա առաջին ինը ամիսների զբոսաշրջության ցուցանիշները, նախորդ տարիների նույն ժամանակահատվածի հետ, նշեց, որ շատ հուսադրող արդյունքներ ունենք. 37 % աճ `2015 թվականի համեմատ և ավելի քան 40% տոկոս աճ 2016 թվականի համեմատ:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ